Մատչելիության հղումներ

Հայ-թուրքական արձանագրությունները հանվել են խորհրդարանի քառօրյա նիստերի օրակարգից


Հայ-թուրքական արձանագրությունների փաթեթը, որոնց վավերացման ընթակարգը նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով կասեցվել է ապրիլի 22-ին, հանվել են Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգից՝ մնալով, սակայն, մեծ օրակարգում:

Երկուշաբթի օրը Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ի պատասխան «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հարցին, թե արդյոք հայ-թուրքական արձանագրությունների քննարկումը ընդհանրապես հանվել է խորհրդարանի օրակարգից, արձագանքեց. - «Դրանք հանվել են ընդհանուր առմամբ քառօրյայից, մեծ օրակարգում մնում են»:

Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի պարզաբանմամբ, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն, մեծ օրակարգում ընդգրկված օրինագծի քննարկումը կարող է հետաձգվել առավելագույնը երեք նստաշրջանի ընթացքում:

«Դրանից հետո այն արտահերթ կարգով պետք է քննարկվի՝ եթե, իհարկե, նախագծի հեղինակը չառաջարկի ընդհանրապես հանել օրակարգից», - հավելեց պատգամավորը:

Հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարան են բերվել ընթացիկ գարնանային նստաշրջանի ընթացքում, ինչը նշանակում է, որ մինչեւ 2011 թվականի աշնանային նստաշրջանը արձանագրությունների փաթեթը կարող է մնալ մեծ օրակարգում:

Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի մեկնաբանությամբ, արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելը պետք է նշանակեր փաթեթը «ընդհանրապես օրակարգից հեռացնել՝ թե' փոքր, թե' մեծ»:

«Պետք է հետ կանչվեր նախագահական: Նախագահականը հետո նորից կուղարկեր, թե ոչ, կաներ վերապահումներ՝ վերապահումներով կուղարկեր, թե ոչ, թե ընդհանրապես այլեւս չէր ուղարկի, կլիներ նախագահի որոշելիքը: Բայց հիմա, որ մեծ օրակարգում դա փաստորեն մնում, ստեղծվում է բավական անհասկանալի վիճակ», - հավելեց Հովհաննիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG