Մատչելիության հղումներ

Քաղաքական ուժերի ներկայացուցիչներն արձագանքում են նախագահ Սարգսյանի վաշինգտոնյան հանդիպումներին


Վաշինգտոնում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումներին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում արձագանքեցին հայաստանյան որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:

Կոալիցիոն կուսակցություններից «Բարգավաճ Հայաստան»-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի գնահատմամբ՝ թե' Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի եւ թե' Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումների գլխավոր արդյունքն այն է, որ «Միացյալ Նահանգները խթան հաղորդեցին հայ-թուրքական երկխոսությունը մեռյալ կետից առաջ շարժելու ուղղությամբ»:

«Ես դժվարանում եմ ասել, թե ինչ կոնկրետ ընթացք կունենա սա, բայց ուրախությամբ արձանագրում եմ, որ Հայաստանի նախագահը իր հայտնի ելույթում նախանշել է այն սկզբունքային դիրքորոշումները, որից այն կողմ նահանջ չի ունենալու հայկական կողմը: Եթե այդ դիրքորոշումները ինչ-որ կերպ բացատրված են Միացյալ Նահանգների նախագահին եւ թույլ տրվի ասել՝ սկզբունքորեն համաձայնեցված են իբրեւ դիրքորոշում, ապա լավատեսորեն կարելի է կարծել, որ հայ-թուրքական երկխոսությունը՝ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու մասին, կարող է առաջ շարժվել», - հավելեց պատգամավորը:

Հայ-թուրքական երկխոսությունը Սաֆարյանը բնորոշեց որպես «մարաթոն». - «Այդ մարաթոնում [վերջնագծին] հասնելու պատրաստակամությունն է ավելի կարեւոր, եւ այդ մարաթոնը համատեղ անցնելու պատրաստակամությունը նույնպես երեւույթ է, եւ դիվանագիտության մեջ այն նույնպես հաշիվ է»:

Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի վարչապետը Վաշինգտոնի Ջորջ Մեյսըն համալսարանում ունեցած ելույթում, անդրադառնալով Հայոց ցեղասպանությունը ճանաչող խորհրդարանական վերջին բանաձեւերին, ասել է, թե «պատմությունը խորհրդարաններում չի գրվում», «այն չի կարող դառնալ խորհրդարանների դատապարտման առարկա», ուստի «խորհրդարանների կողմից կայացված որոշումները Հայաստանի օգուտ չեն բերի»:

Իսկ Նախագահ Սերժ Սարգսյանը ամերիկահայությանն ուղղված իր խոսքում երեկ հայտարարել է, որ «Թուրքիան չի կարող նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի եւ հայության հետ»: «Մենք դա պարզապես թույլ չենք տա», - ասել էր Սերժ Սարգսյանը:

Խորհրդարանական ընդդիմության՝ «Ժառանգության», խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը Հայաստան նախագահի եւ Թուրքիայի վարչապետի այս ելույթներից եզրահանգել է, որ կողմերի միջեւ «հիմնական տարաձայնությունները պահպանվում են»:

«Ապրիլի 12-ին Վաշինգտոնում Էրդողայի եւ Սարգսյանի արած հայտարարությունները տրամագծորեն հակառակ են», - պարզաբանեց նա:

Ստյոպա Սաֆարյանի կարծիքով, Թուրքիան որոշ քայլեր է կատարել՝ ժամանակ շահելու նպատակով. - «Նախ, Միացյալ Նահանգների նախագահի համար իմիտացիա ստեղծեց, որ գործընթացը շարունակվում է, եւ իրենք Հայաստանի պաշտոնակիցների հետ քննարկում են առաջ շարժվելու ուղիները: Երկրորդ, Թուրքիան արգումենտացիոն դաշտ ստեղծեց, որ գործընթացը բավականին դժվարին է հատկապես Թուրքիայի համար... եւ իրեն հարկավոր է լրացուցիչ ժամանակ: Հաջորդը՝ Թուրքիան հասավ նրան, որպեսզի Էրդողանը եւ Սերժ Սարգսյանը համաձայնության գան՝ ինչ-որ ժամանակային կտրվածքում արտգործնախարարներին հանձնարարելով ուսումնասիրել խնդիրը»:

Ազգային ժողովի փոխխոսնակ (ՀՀԿ) Սամվել Նիկոյանի կարծիքով նույնպես Թուրքիան վարում է ժամանակ շահելու քաղաքականություն. - «Մի դեպքում ասել, որ խորհրդարանի համար հարմար պահ չէ, մի դեպքում՝ փորձել Ցեղասպանության միջազգային ճանաչման պրոցեսը կապել հայ-թուրքական հարաբերությունների ձախողման հետ՝ դրանով իսկ միջազգային հանրությանը, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներին՝ առաջին հերթին, ասել, որ, այ, երբ դուք փորձում եք, կամ միջազգային հանրությունը ճանաչում է Ցեղասպանությունը, դա դժվարեցնում է հայ-թուրքական հարաբերությունները: Հակառակ մեսիջն է ինքը [Էրդողանը] ուղարկում, ինչ Հայաստանի Հանրապետության նախագահը, որը ասում է՝ ընդհակառակը, քանի որ դուք ճանաչում եք, դրանով դուք մերձեցնում եք Հայաստանի եւ Թուրքիայի երկխոսությունը»:

Նրա խոսքով, այն, որ Սարգսյան - Օբամա հանդիպումն ավելի քան մեկ ժամ է տեւել, ենթադրում է, որ «բավական շատ հարցեր են քննարկվել», ստացված տեղեկությունները վկայում են, որ թուրքական կողմը շեշտադրել է նաեւ Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցը:

«Ամեն դեպքում, իրենք Ղարաբաղյան խնդիրը փորձել են եւ կապել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ: Եվ երկրորդը՝ ամեն դեպքում շարունակել է Էրդողանը այն պնդումը, որ քաղաքական տեսակետից ինքը չի կարող պառլամենտում այդ հարցերը քննարկել այս պահին: Զարմանում եմ, որ քաղաքական մեծամասնության ղեկավարը ասում է, որ ինքը չի տիրապետում քաղաքական մեծամասնությանը: Թույլ տվեք ասել՝ բա այդ դեպքում ինչպե՞ս եք դուք կառավարելու երկիրը, երբ չունեք սատարող քաղաքական մեծամասնություն», - նշեց Սամվել Նիկոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG