Մատչելիության հղումներ

Մարտի 23-ի մամուլ


Մեկնաբանելով Ադրբեջանին Հայաստանի նախագահի ուղղած` ուժի չկիրառման մասին համաձայնագիր ստորագրելու կոչը, Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը «168 ժամ»-ին ասել է. - «Ցավոք սա պարզապես ցույց է տալիս, թե որքանով են մեր դիրքերը փոխվել 94 թվականից ի վեր: Այդ շրջանում հայկական կողմին էին կարծես ավելի շատ համոզում ուժ չկիրառել, որովհետեւ հաղթանակած կողմն էր: Այսօր հայկական կողմն է հանդես գալիս նման մոտեցմամբ: Իսկ դա վկայություն է, որ ադրբեջանական քարոզչությունը եւ պատերազմ սանձազերծելուն ուղղված գործողությունները իրենց գործը կատարեցին»:

Մեկնաբանելով Ադրբեջանին Հայաստանի նախագահի ուղղած` ուժի չկիրառման մասին համաձայնագիր ստորագրելու կոչը, Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը «168 ժամ»-ին ասել է. - «Ցավոք սա պարզապես ցույց է տալիս, թե որքանով են մեր դիրքերը փոխվել 94 թվականից ի վեր: Այդ շրջանում հայկական կողմին էին կարծես ավելի շատ համոզում ուժ չկիրառել, որովհետեւ հաղթանակած կողմն էր: Այսօր հայկական կողմն է հանդես գալիս նման մոտեցմամբ: Իսկ դա վկայություն է, որ ադրբեջանական քարոզչությունը եւ պատերազմ սանձազերծելուն ուղղված գործողությունները իրենց գործը կատարեցին»:

«Առաջարկը շատ լավն է եւ ընդունելի, բայց, ցավոք, ժամանակի եւ տարածության մեջ ոչ այնքան համարժեք», - գնահատելով Սերժ Սարգսյանի կոչը` ուղղված Ադրբեջանին, «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը:

«Հրապարակ»-ը գրում է. - «Մինչ վարչապետ Տիգրան Սարգսյանը Ցեղասպանության 95-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման հանձնաժողով է ձեւավորում եւ ծրագրում է ապրիլի 24-ը պատշաճ նշել, երեկ Հիլարի Քլինթոնը ռուսական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Ցեղասպանությունը քննող պատմաբանների հանձնաժողովը արդեն ձեւավորվում է»։

«Հայոց Աշխարհ»-ը, պնդելով, թե Սերժ Սարգսյանի վերջին առաջարկը բարդ ռեբուս դարձավ Ադրբեջանի ղեկավարության համար, նշում է. - «Այն փաստը, որ Սերժ Սարգսյանի առաջարկը Բաքվում, նախ, կտրուկ ու միանշանակ մերժման արժանացավ, իսկ քիչ անց՝ Ադրբեջանից հնչեցին ավելի «կառուցողական» առաջարկներ, ուշագրավ զարգացումներ է ուրվագծում Ղարաբաղյան բանակցային գործընթացում։ Թուրքիայի վարչապետի հայտնի հայտարարությունից հետո իրենց մեծ եղբորը բաժին ընկած անմխիթար վիճակը ադրբեջանցիներին նույնպես ստիպում է ավելի կոռեկտ արձագանքել հայկական առաջարկներին։ Իր կցկտուր պատասխաններով ու գնահատականներով ինքն իրեն անկյուն մղելուն զուգընթաց, Ադրբեջանը ընդլայնեց հայ դիվանագիտության հետագա զորաշարժերի դաշտը եւ նոր քաղաքական նախաձեռնություններով հանդես գալու հնարավորությունները»։

«Ժամանակ»-ի վերլուծաբանի կարծիքով, մարտի 1-ից հետո կայունությունը Հայաստանում դարձել է պայմանական հասկացություն, եւ ակնհայտ է, որ թե' սոցիալական, թե' քաղաքական հարթություններում իշխանությունը կանգնել է անլուծելի խնդիրների առաջ։ «Իշխանության համար ակնհայտ տեսանելի է, որ քաղաքական փակ համակարգը երկրում արդեն տալիս է սոցիալական ճեղքեր, որոնք սվաղելն ամենադժվար խնդիրն է իշխանության համար՝ նույնիսկ եթե ընդդիմությունը չի ցուցաբերում այն քաղաքական ակտիվությունը, որը սովորաբար կարող է նյարդային ցնցումների հասցնել իշխանությանը։ Ավելին, խնդիրն այն է, որ ընդդիմության հարաբերական պասիվությունը իշխանության համար իրավիճակը դարձնում է էլ ավելի անկանխատեսելի», - նշում է հոդվածագիրն ու մանրամասնում. - «Բանն այն է, որ այդ դեպքում իշխանության համար կստեղծվեր սիրված մարտավարությամբ զբաղվելու, այնինքն` կեղծ թիրախներով եւ ուշադրության կեղծ օբյեկտներով հանրային էներգիան փոշիացնելու տարբերակը գործի դնելու հնարավորություն։ Եթե քաղաքական հարցերը Հայաստանում ավանդաբար լուծվել են ուժի կամ առեւտրի միջոցով, ապա սոցիալական խնդիրների պարագայում առեւտուրը չի գործում, իսկ ուժը առաջացնում է առավել սուր հակազդեցություն»։

Ազգային ժողովի պատգամավոր, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության խորհրդի անդամ Լյովա Խաչատրյանը «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին տված հարցազրույցում ասում է. - «Կարծում եմ, ժամանակն է մի առաջարկ անելու։ Կարծես ինչ-որ շատ ենք օրենքներ գրում, բայց մեր վիճակը դրանից չի բարելավվում։ Միգուցե օրենքնե՞րն են անկատար։ Գուցե չե՞ն կիռավում։ Երեւի ժամանակն է, որ Ազգային ժողովը դադարեցնի օրենքներ գրելը, մշակելը, հաստատելը, եւ հետամուտ լինի, թե ինչպես են կիրառվում դրանք։ Օրենքն ի՞նչ է նշանակում. օրենքը նշանակում է հիմնականում ֆինանսական ինչ-որ ծախսեր, որը նպատակաուղղված է շահույթ ստանալուն։ Նայենք, տեսնենք, ընդունված օրենքներից ո՞րը շահույթ ապահովեց»։

«Տարեգիր» ինտերնետային թերթի խմբագիրը գրում է. - «Իզուր են տագնապում մեր գործընկերները քրեական եւ քաղաքացիական օրենսգրքերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ ԱԺ-ում ընդունված նոր օրենքից, որը դրամական խոշոր տուգանքներ է սահմանում անձին զրպարտելու կամ վիրավորելու համար։ Իզուր են դա անվանում մահակ՝ լրատվամիջոցների գլխին, մտավախություն հայտնելով, թե իշխանությունները նոր օրենքով կարող են սնանկացնել, հետեւաբար՝ քար գցել անցանկալի լրատվամիջոցների գլխին։ Իզուր են սարսափում, թե շուտով իրենց գրպաններում մկները պար կգան։ Հայաստանում խրախուսելի կենսակերպ է՝ ոչ թե գործել օրենքի դաշտում, այլ շրջանցել օրենքները։ Հայերս դա անում ենք մի աներեւակայելի հնարամտությամբ, ելք գտնելով անելանելի թվացող իրավիճակներից։ Ավելին. առավել հնարամիտներին հաջողվում է օգուտ քաղել շառից-փորձանքից։ Հիմա մի օրենքն ի՞նչ է, որ այդքան վախեցրել է իրենց գործում հմուտ մեր գործընկերներին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG