Մատչելիության հղումներ

Վարչապետը «ողջունելի» է որակում ընդդիմության ներկայացրած ծրագիրը


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «ողջունելի եւ շատ դրական» որակեց սեփական ծրագրով ընդդիմադիր ՀԱԿ-ի հանդես գալը եւ այն քննարկելու` հասարակությանն ուղղված կոչը:

«Ես շատ դրական եմ համարում այն հանգամանքը, որ ընդդիմությունը ծրագրով է հանդես գալիս եւ կոչ է անում հասարակությանը մասնակցել այդ ծրագրի քննարկումներին: Դա, իհարկե, ողջունելի է: Երկրորդը. եթե հանրությանը ներկայացվում է ծրագիր, բնականաբար, բոլոր վիրավորական արտահայտությունները մեջից պետք է հանել, որովհետեւ դա անհարգալից վերաբերմունք է հասարակության նկատմամբ: Երրորդը. ես հայտնաբերել եմ բազմաթիվ համընկնումներ կառավարության ծրագրի հետ: Չորրորդը. իհարկե, կան դրույթներ, որոնք անընդունելի են»:

Փետրվարի 23-ին ընդդիմադիր Հայ Ազգային կոնգրեսը հրապարակեց սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման «100 քայլ» ծրագիրը, որը, ի դեպ, երեկ փոխանցվեց Եվրամիության հայաստանյան գրասենյակ։

Ըստ ծրագրի հեղինակ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի, «100 քայլ»-ի էությունը ձեռնարկատիրությունը խոշորից, օլիգարխներից դեպի միջին եւ մանր բիզնեսը վերաբաշխելն է։

Հրանտ Բագրատյանը չի կարծում, որ ՀԱԿ-ի մշակած ծրագրից ինչ-որ լուրջ քայլեր կամ դրանց գոնե մի մասը կառավարությունն այսօր իրականացնում է. - «Միշտ ասվում է, որ իրականացվում է Սերժ Սարգսյանի նախագահական ծրագիրը: Ես կարդացել եմ բյուջետային ուղերձը. այդպիսի բաներ այնտեղ չկան: Ավելին՝ Ազգային ժողովում էր գտնվում հարկային փոփոխությունների փաթեթը: Այդ ամբողջ փոփոխությունների մեջ չկար մի կետ, որ համընկներ այն փոփոխությունների հետ, որ մենք ենք առաջարկում»:

Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նույնպես ողջունեց ընդդիմության ներկայացրած ծրագիրը. - «Ինչպես միշտ, կան լավ առաջարկներ, միգուցե 100-ն էլ կատարյալ չեն, բայց դրանց զգալի մասը ներկա վիճակից ելք կարող են լինել։ Հայաստանի տնտեսական քաղաքականության վերաբերյալ նման բաց քննարկումները շատ օգտակար կարող են լինել։ Իսկ ծրագիրդ իրականացնելու համար, կարծում եմ, պետք է կառավարության անդամ լինես»։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը այս կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց հետեւյալը. - «Չկա եւ չի կարող լինել Հայաստանի քաղաքական օրակարգում որեւէ հարց, որի շուրջ հնարավոր չլինի երկխոսության նստել ընդդիմության հետ: Այսինքն՝ ասել, որ ընդդիմությունը չի կարող որեւէ ռացիոնալ բան առաջարկել, դա լուրջ չէ: Ցանկացած ռացիոնալ առաջարկ, ցանկացած ռացիոնալ գաղափար, որը կարող է նպաստել երկրի հզորացմանը, բարգավաճմանը, պիտի ընդունվի»:

Իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի մեկնաբանությունը հակիրճ էր. - «Մենք մեր ծրագիրն ունենք, առանջնորդվելու ենք մեր ծրագրով»:

Հանապետական մեկ այլ պատգամավոր՝ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Մելիքյանի խոսքով, առաջին անգամ է ընդդիմությունը հանդես գալիս առաջարկով, թեեւ պարտադիր չէ, որ առաջարկվող քայլերը ամբողջությամբ ընդունվեն եւ իրականացվեն, ինչը, պատգամավորի կարծիքով, գիտակցում են նաեւ հեղինակները։

Իսկ ՀԱԿ-ի ներկայացրած ծրագրի գաղափարը, ըստ Մելիքյանի, իրենց համար ընդունելի է. - «Դա դրական արդյունքներ անպայման կտա՝ տնտեսության հավասարաչափ զարգացման եւ սոցիալական խմբերի մեջ անհավասարության հարթեցման առումով»:

Դաշնակցական պատգամավոր Արա Նռանյանը նույնպես ողջունեց ծրագրի ներկայացումը՝ շեշտելով, սակայն, որ այն լի է հակասություններով։ Բազմաթիվ դրույթներ կարելի է վերագրել ծայրահեղ ազատականությանը կամ նեոլիբերալիզմին, դրույթներ էլ կան, որոնք«ավելի շատ համապատասխանում են նեոբոլշեւիզմի գաղափարախոսությանը»։

Ի վերջո, ըստ Նռանյանի, ծրագրից չի հասկացվում, թե ինչպիսի՞ն է լինելու Հայաստանի տնտեսական քաղաքականությունը ըստ ՀԱԿ-ի. - «Շատ քաղաքական ուժերի մոտ կա գայթակղություն խնդիրները լուծել վերաբաշխման ճանապարհով: Սակայն վերաբաշխումը մեր երկրի տնտեսական պրոբլեմները չի լուծում: Եթե դու փորձում ես հին համակարգում պարզապես փոխել տերերին, փոխել անձնավորություններին, փոխել ընկերությունները կամ վերաբաշխել եկամուտները մի տեղից մեկ այլ տեղ, դա, ըստ էության, այն է, ինչ տեղի է ունեցել 20 տարի Հայաստանի Հանրապետությունում: Եվ ցավոք սրտի, այդ առումով, այս ծրագիրը չի տարբերում նախկինում եղած մոտեցումներից»:

Այս կապակցությամբ նախկին վարչապետը նշեց. - «Մենք սեփականության վերրաբաշխման հարց չենք դնում։ Բայց դա տեղի կունենա ինքնըստինքյան: Հարկման նոր մեխանիզմի պայմաններում գերշահույթ կամ մոնոպոլ բիզնեսները շահութաբեր չեն լինի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG