Մատչելիության հղումներ

Կառավարությունը «ամեն ինչ անելու է», որպեսզի էլեկտրաէներգիայի ու գազի սակագների բարձրացում թույլ չտա


Հայաստանի կառավարությունը քայլեր է ձեռնարկում սպառողների համար էլեկտրաէներգիայի եւ գազի սակագների հետագա թանկացումներից խուսափելու ուղղությամբ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը երեքշաբթի հայտարարեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը երեքշաբթի հայտարարեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը՝ հավելելով. - «Ռուսական կողմը արդեն հայտարարել է գազի գինը, եւ այս պահին հաշվարկներ են գնում, թե ինչպիսի ազդեցություն դա կունենա ամբողջ էներգահամակարգի վրա, այդ թվում նաեւ էլեկտրաէներգիայի սակագնի վրա»։

Նախարարը խոստացավ, որ ամեն ինչ արվելու է, որպեսզի գործող սակագները պահպանվեն, սակայն՝ «ինչքանո՞վ դա կհաջողվի, դեռեւս շուտ է ասել»։

Հայաստան ներմուծվող բնական գազը հաջորդ տարվա ապրիլի 1-ից կթանկանա շուրջ 17 տոկոսով՝ 1000 խորանարդ մետրի դիմաց կազմելով 180 ԱՄՆ-ի դոլար։ «ՀայՌուսգազարդի» եւ Ռուսաստանյան «Գազպրոմի» միջեւ դեռ 2008-ին կնքված պայմանագրով, գազի գինը պետք է կազմեր 200 դոլար, եւ, փաստորեն, «Գազպրոմ»-ը արդեն իսկ համաձայնել է իջեցնել Հայաստանին մատակարարվող գազի գինը։ Ռուսաստանի այս քայլը հայաստանյան մամուլը բացատրել էր հայկական նոր ատոմակայանի շինարարությունը ռուսաստանյան ընկերության հետ համատեղ իրականացնելու եւ ռուսական արտադրության ռեակտոր տեղադրելու՝ Հայաստանի կառավարման որոշման համատեքստում։

Նախարարը, սակայն, երեքշաբթի հերքեց նման որեւէ կապը, իսկ ռուսական ռեակտորի ընտրությունը, ըստ Արմեն Մովսիսյանի, պայմանավորված է մեկ հանգամանքով. - «Բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այսօր աշխարհում ամենալավագույն ռեակտորը եւ ամենամեծ կյանքի ճանապարհ անցած ու փորձվածը ռուսական ռեակտորներն են։ Նպատակը՝ դա է, ոչ թե այլ ինչ-որ խնդիրներ»։

Հայկական նոր ատոմակայանի շինարարությունը նախնական գնահատականներով, կազմելու է 4 միլիարդ դոլար, իսկ վերջնական գումարը կպարզվի նախագծման աշխատանքների ավարտից հետո միայն։ Հարցին, թե որտեղից հնարավոր կլինի հայթայթել այդ գումարը, նախարարը արձագանքեց. - «Ընդունել ենք օրենք, որ Հայաստանի Հանրապետությունում ատոմակայանը կարող է լինել ոչ միայն պետության սեփականությունը, այլեւ ցանկացած երկիր կամ ընկերություն կարող է մասնակցություն ունենալ Հայաստանում ատոմակայանի կառուցմանը եւ բաժնետեր լինել այնտեղ։ Ատոմակայանը բիզնես կառույց է, հետեւաբար շատերը շահագրգռված կլինեն, որպեսզի իրենց ֆինանսական միջոցները տեղադրեն ատոմակայանում, որպեսզի լրացուցիչ շահույթներ ստանան»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG