Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 24-ի մամուլ


«Չորրորդ ինքնինշխանություն» թերթի մեկնաբանը, պնդելով, թե այսօրվա վիճակի հիմնական մեղավորը Ռոբերտ Քոչարյանն է` իր տասնամյա «անկապ» քաղաքականությամբ, իսկ Սերժ Սարգսյանը` իբր փորձելով պայքարել դրա հետեւանքների դեմ, շարունակում է այդ սխալը, գրում է. - «Սերժ Սարգսյանը, ինտելեկտի առումով Ռոբերտ Քոչարյանից մի քանի գլուխ բարձր լինելով, փորձում է ուղղել նրա տասնամյա անգործության հետեւանքները։ Բայց դա անում է այնքան սխալ ձեւով, որ ավելի լավ է ոչինչ չաներ։ Ու քանի դեռ Սերժ Սարգսյանը այդ ռազմավարությունը չի փոխել, որեւէ դրական ակնկալիք չենք կարող ունենալ ոչ մյունխենյան, ոչ որեւէ այլ հանդիպումից։ Մեծ հաշվով, ի՞նչ նշանակություն ունի` ա՞յս հանդիպման ընթացքում է որեւէ «շրջանակային համաձայնագիր» ստորագրվել, թե՞ հաջորդ հանդիպումներից մեկի ժամանակ է ստորագրվելու։ Էականն այն է, որ նա սխալ ճանապարհով է գնում եւ սխալ «տեղ» է հասնելու։ Շուտ կհասնի թե ուշ` էական չէ»։

«Հայոց աշխարհ»-ը գրում է. - «Վերջին շրջանում տարածաշրջանում փորձ է արվում ձեւավորել փոխադարձ պահանջների ու պարտավորությունների մի երկար շղթա, որը դարձել է թուրքական դիվանագիտության «մեծ խաղի» հիմնական բաղադրատարրը։ Այժմ արդեն Թուրքիան ծուղակ է ներքաշվում, որի մի կողմում Բաքվի հետ հարաբերություններն են, մյուսում՝ արձանագրությունների վավերացման, կամ էլ Հայոց ցեղասպանության ճանաչման հեռանկարը», - նշում է մեկնաբանը եւ անդրադառնում Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարությանը. - «Մենք էլ լինեինք կողմնակի դիտորդի վիճակում, ապա իսկապես կարող էինք խաբվել Մյունխենից առաջ Իլհամ Ալիեւի դրսեւորած ակնհայտ «քաղաքական կուլտուրիզմից»։ Ադրբեջանի նախագահը այնպես էր հոխորտում «ուժեղի» դիրքերից, որ Եվրոպան կարող էր տպավորություն ստանալ, թե Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը՝ մի կողմից եւ Ադրբեջանը՝ մյուս կողմից, տարբեր «քաշային կարգի» խաղացողներ են եւ Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումը առանձնակի խնդիր չի ներկայացնում Բաքվի համար։ Այնպես որ, կարծում ենք վատ չէր լինի, եթե Հայաստանն էլ մի քիչ «խաղացներ մկանները»։

«Կապիտալ»-ում կարդում ենք. - «Շրջանակային համաձայնագրով է մատուցվելու ղարաբաղյան կարգավորումը, ոչ թե կարգավորվելու, այլ առայժմ միայն մատուցվելու։ Շրջանակային համաձայնագրի կետերի հստակեցումը, փոխհամաձայնեցումը, առավել եւս գործնականում դրանց իրականացումը մի ամբողջ հավերժություն է պահանջելու. թերեւս այնքան հավերժական, որ հասնի մինչեւ հաջորդ ընտրություններ։ Չկարգավորված ղարաբաղյան հակամարտության, չավարտված պատերազմի պայմաններում Հայաստանում, որպես կանոն, իշխանության է գալիս ռազմական առաջնորդը, ռազմական կառույցների վստահությունը վայելող, այդ շրջանակում առավելագույն հեղինակություն ունեցող գործիչը», - նշում է մեկնաբանն ու շարունակում, - «Հայաստանի հաջորդ նախագահը եւս կլինի նախկին կամ ներկա զինվորական, եթե հաստատված չլինի վերջնական խաղաղություն, եթե սահմանված չլինի Արցախի կարգավիճակը՝ Ադրբեջանի, Թուրքիայի եւ միջազգային հանրության ճանաչմամբ։ Այդպես է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը ոչ թե կարգավորվում է, այլ մատուցվում է շրջանակային համաձայնագրով»։

«168 ժամ» թերթի տեղեկություններով՝ նոյեմբերի 28-ին կայանալիք ՀՀԿ-ի համագումարի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգրկվելու է Հանրապետական կուսակցության գործադիր մարմնում։ ՀՀԿ-ի գործադիր մարմնի անդամ է դառնալու նաեւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։ Բացի այդ, ըստ նույն աղբյուրի, ՀՀԿ-ի խորհրդին փոխարինելու է գործադիր մարմինը։

«Հրապարակ»-ի թղթակիցը, անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ վերջերս ծավալված հեռակա բանավեճին ու փոխադարձ մեղադրանքներին, գրում է. - «Ֆուտբոլային հայրենասիրության թեմայի շուրջ օլիգարխիկ երկու տիտանների բանավեճը մեկնաբանում են որպես քաղաքական դաշտի լարվածություն։ Արդեն խոսում են այն մասին, որ Ծառուկյանն ու Հայրապետյանը հայտնվել են տարբեր ճամբարներում. Գագիկ Ծառուկյանը աջակցում է ամենաերիտասարդ թոշակառուի` Ռոբերտ Քոչարյանի ետ վերադարձին, իսկ ահա Հայրապետյանը շարունակում է հավատարիմ մնալ Սերժ Սարգսյանին եւ ամեն ինչ անում է, որ տիրոջ գահը չերերա»։ Թղթակցի հարցին` որքանո՞վ են հիմնավոր իրենց միջեւ քաղաքական ու տնտեսական լուրջ տարաձայնությունների մասին տեղեկությունները, Ռուբեն Հայրապետյանը պատասխանել է. - «Այ ազիզ ջան, ես ասացի, որ մեր հարաբերությունները շատ լավ են։ Իսկ հայտարարությունն արդեն արել եմ, էլ ի՞նչ ասեմ դրա մասին։ Մենք, Ծառուկյանի հետ, նորից եմ կրկնում` չունենք քաղաքական ու առավել եւս տնտեսական տարաձայնություններ։ Որեւէ վատ հարաբերություն չկա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG