Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանին վերջին 5 տարում Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք չի տրամադրվում


Հայաստան -- Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում ընդդիմության հանրահավաքում, Երեւան, 2008թ.
Հայաստան -- Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում ընդդիմության հանրահավաքում, Երեւան, 2008թ.

Հայաստանի ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Իջեւանի անձնագրային բաժանմունքը հրաժարվում է վերջին հինգ տարում Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք տրամադրել Երեւանի թիվ 10 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններում թեկնածություն առաջադրած «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին։

Նիկոլ Փաշինյանի լիազոր ներկայացուցիչ Դավիթ Մաթեւոսյանին ուղղված նամակով ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Իջեւանի անձնագրային բաժանմունքը տվել է հետեւյալ պարզաբանումը. - «Նիկոլ Վովայի Փաշինյանին տեղեկանք չի տրամադրվում, քանի որ Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 03.11.2009թ. թիվ 3/3-3671 գրության համաձայն, Նիկոլ Փաշինյանը 26.02.2008 թվականից մինչեւ 07.07.2009 թվականը գտնվել է հետախուզման մեջ եւ հետախուզման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում չի բնակվել»։

Երեւանի թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին անցկացվելիք Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել են յոթ թեկնածուներ, այդ թվում՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը, դաշնակցական Ռաֆայել Այվազյանը, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը, «Ազգային միաբանություն» կուսակցությունից Արա Սիմոնյանը եւ դերասան Վլադիմիր Կոստանյանը:

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Հմայակ Հովհաննիսյանը երեկ պատրաստակամություն էր հայտնել ընտրապայքարի ցանկացած փուլում հանել իր թեկնածությունը՝ հօգուտ նույն ընտրատարածքում առաջադրված թեկնածու, անազատության մեջ գնտվող Նիկոլ Փաշինյանի:

Նիկոլ Փաշինյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով` «զանգվածային անկարգություններ կազմակերպելը», եւ 316 հոդվածի առաջին մասով` «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»:

2008 թվականի հետընտրական իրադարձություններից հետո Փաշինյանը հետախուզման մեջ էր եւ իրավապահ մարմիններին ներկայացավ այս տարվա հուլիսի 1-ին: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, նրա նկատմամբ դատավարությունն ընթանում է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG