Մատչելիության հղումներ

Կրկին վերանայվելու է ընթացիկ տարվա բյուջեի ծախսային մասը


Հայաստանի ֆինանսների նախագահ Տիգրան Դավթյանը:
Հայաստանի ֆինանսների նախագահ Տիգրան Դավթյանը:

Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի խոսքով, 2009 թվականի պետական բյուջեի ծախսային մասը կրկին կրճատվելու է:

Չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը նախարարը հաստատեց, որ բյուջեի ծախսային մասը, որը հուլիսին 945 միլիարդ դրամից կրճատվել էր մինչեւ 911 միլիարդ դրամ, կրկին կրճատվելու է մինչեւ 900 միլիարդ դրամ: Դավթյանը հավելեց, որ ճգրիտ թիվը կպարզվի մինչեւ տարեվերջ:

«Տարվա վերջին այդ հստակ թիվը պարզ կլինի: Դա նաեւ կախված է կատարողականներից, դա նաեւ կախված է վարկային ծրագրերի իրականացման տեմպերից», - հավելեց նա:

Այս տարվա բյուջեի՝ մինչեւ 15 տոկոս թերակատարման մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երկուշաբթի օրը ասել էր Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը (ՀՀԿ):

Այս տարվա մարտին Հայաստանի կառավարությունը արձանագրային որոշում կայացրեց՝ չորրորդ եռամսյակ տեղափոխել ռիսկային համարվող 131 միլիարդ դրամ եկամուտները: Որոշվել էր նաեւ կասեցնել 2010-12 թվականների պետական միջնաժամկետ ծախսային ծրագիրը:

Ինչ վերաբերում է ընթացիկ տարվա պետբյուջեի ծախսային մասի վերաբաշխմանը, ապա խոսքը շուրջ 93 միլիարդ դրամի մասին էր: Կասեցված 45 միլիարդ դրամ ծախսերի վերաբերյալ Տիգրան Դավթյանը ասաց. - «Հիմնականում դա պետական կառավարման ծախսերն են, դա գործուղումների ծախսերն են, դա պետական, պաշտոնական պատվիրակությունների ընդունելության ծախսերը: Ճիշտ ասած, պետական կառավարման համակարգը նստացրել ենք այնպիսի էկոնոմ ռեժիմի վրա, որ նույնիսկ հազիվ կարողանում ենք մինիմալ նորմերը բավարարել»:

Հայաստանի կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը այս կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Ի վերջո, ով է որոշել, թե որ հոդվածներն են կրճատվելու: Բյուջեն ինքը ծախսերի հավասարակշռված ամբողջական մի ծրագիր է, եւ երբ մի բանը հանում ես, ամբողջ համակարգը կարող է փլվել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG