Մատչելիության հղումներ

Ռիչարդ Կիրակոսյան. «Իրապես կարեւոր զարգացումները տեղի կունենան արձանագրությունների ստորագրումից հետո»


«Իրական կարեւորությունը արձանագրությունները չեն, իրապես կարեւոր զարգացումները տեղի կունենան արձանագրությունների ստորագրումից հետո», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

Նրա խոսքով, ստորագրումից հետո` հենց Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները վայր դրեցին իրենց գրիչները, նոր միայն սկսվեց հայ - թուրքական հարաբերությունների իրապես դժվարին ու մարտահրավեր ներկայացնող փուլը:

«Եվ դժվարությունները վերաբերում են միայն մեկ կողմին: Ենթադրվում է, որ դժվարությունները կարող են սկսվել միայն Թուրքիայում` թուրքական խորհրդարանում», - ասաց Կիրակոսյանը:

Ի պատասխան այն հարցի, թե ինչո՞ւ Հայաստանի նախագահը որոշեց արձանագրությունների ստորագրումից ընդամենը ժամեր առաջ հանդես գալ հատուկ ուղերձով եւ ի՞նչ էր դրանով ցանկանում ասել Սերժ Սարգսյանը, փորձագետը կարծիք հայտնեց, որ դա մի յուրատեսակ ուղերձ էր Թուրքիային, թե հայկական կողմի համբերությունը սահմաններ ունի, եւ ավելացրեց. - «Թե ինչ ի նկատի ուներ նախագահն այդ ուղերձով` կարծում եմ, որ նա ցանկանում էր վերահաստատել, թե գործընթացը շատ նուրբ է, եւ Թուրքիան պետք է հստակ գիտակցի, որ գործընթացի բեռը իր ուսերի վրա է, եւ թուրքական կողմը կարող է կորցնել [հայ - թուրքական հարաբերությունները կարգավորելու] այս հնարավորությունը: Ուստի ճնշումներն ու սպասումները գերազանցապես վերաբերում են թուրքական կողմին: Կարծում եմ, սա էր նախագահի ուղերձի հիմնական իմաստը»:

Ռիչարդ Կիրակոսյանը անդրադարձավ նաեւ Սերժ Սարգսյանի երկուշաբթի օրվա կարճատեւ այցելությանը Մոսկվա եւ հիշեցրեց, որ հայ - թուրքական արձանագրությունների ստորագրման ողջ գործընթացը սկսվեց այն բանից հետո, երբ Մոսկվայից Սերժ Սարգսյանը հրավիրեց Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին այցելել Երեւան: «Ուզում եմ ասել, որ գործընթացը սկսվեց Մոսկվայից հնչած հրավերով, եւ այժմ շրջանը փակվում է դարձյալ Մոսկվայում` արձանագրությունների ստորագրումից հետո նախագահ Սարգսյանի Մոսկվա կատարելիք այցելությամբ», - նշեց Կիրակոսյանն ու շարունակեց. - «Սա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծումը նախապայման չէ [հայ - թուրքական հարաբերությունների] նորմալացման համար, բայց այս այցը նաեւ ի ցույց է դնում ռուսական ազդեցության առկայությունը գործընթացի ետեւում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG