Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների մասին Կալիֆորնիայի օրենքը հակասահմանադրական է ճանաչվել


Միացյալ Նահանգներում դաշնային դատարանը հակասահմանադրական է ճանաչել Կալիֆորնիա նահանգում ընդունված օրենքը, որը հնարավորություն էր տալիս Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին՝ ապահովագրական ընկերություններից պահանջել իրենց սպանված հարազատների ապահովագրական գումարները։

Դեռ 2005-ին «Նյու Յորք Լայֆ Ինշուրանս» ընկերությունը շուրջ 20 մլն դոլարի ապահովագրական գումարի փոխհատուցման փաստաթղթեր էր հավաքել եւ հաստատել: Դրանց զգալի մասը ստացել էին Ցեղասպանության զոհերի ժառանգները՝ եւ ի դեպ ոչ միայն Միացյալ Նահանգներում մշտական բնակություն հաստատած հայազգիները: 2005-ին ֆրանսիական «Աքսա» ապահովագրական ընկերության հետ էլ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 17 մլն դոլարի վերաբերյալ:

«Նյու Յորք Լայֆ Ինշուրանս» ընկերության խոսնակը «Ասոշիեյթիդ փրես» գործակալության փոխանցմամբ, ասել է, որ իրենց ընկերությունը որեւէ մտադրություն չունի ետ պահանջելու 2005-ին վճարած գումարները. - «Մեր ընկերությունն պահպանում է ազնվության եւ մարդկայնության արժեքները, այս արդար գործընթացի շնորհիվ հայազգի բազմաթիվ բարեկամներ ունեցանք: Եվ մենք դա շատ բարձր ենք գնահատում»:

Երկու տարի առաջ Գլենդելի սուրբ Պետրոս եկեղեցու հայազգի հոգեւորական Վազգեն Մովսիսյանը եւ հազարավոր այլ հայեր, որոնց հարազատները Ցեղասպանության զոհերն են եղել, Միացյալ Նահանգների տեղական դատարանում մասնակի հաղթանակ տարել էին ներկայացված հայցով: Տեղական դատարանը մասնակի բավարարել էր հայցը:

Բայց հիմա՝ երկու տարի անց, դաշնային վճռաբեկ դատարանը բեկանեց դատավոր Քրիստինա Սնայդերի կայացրած որոշումը՝ հիմնավորելով, որ Կալիֆորնիայի նահանգի օրենքը նսեմացնում է երկրի նախագահներ Բիլ Քլինթոնի եւ Ջորջ Բուշի դիվանագիտական հեղինակությունը: Ըստ դատավորի, հարցի վերաբերյալ ազգային քաղաքականությունը որոշվել է նախագահներ Քլինթոնի եւ Բուշի օրոք:

Հիշեցնեմ, որ նախագահներ Քլինթոնի եւ Բուշի օրոք համապատասխան հանձնաժողովը մի քանի անգամ ընդունել է Ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը, բայց Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի օրակարգում այդպես էլ չի ընդգրկվել: Եվ Կալիֆորնիայի դատարանն հենց այդ հանգամանքը նկատի ունենալով ասել է, թե նախագահները հիմնավորում էին, թե ցանկացած նման քայլ կարող է վնասել Միացյալ Նահանգների՝ Թուրքիայի հետ ունեցած հարաբերություններին:

Եվ հիմա դատավոր Դեյվիդ Թոմսոնն ասում է, որ դաշնային կառավարությունը գիտակցված որոշում է կայացրել չօգտագործել քաղաքական հետեւանքներով հղի «ցեղասպանություն» տերմինը առաջին աշխարհամարտի տարիներին զոհված հայերի նկատմամբ:

Դեյվիդ Թոմսոնն, ասել է նաեւ. - «Իհարկե, Կալիֆորնիայի նահանգը կարող է չհամաձայնել դաշնային կառավարության կայացրած որոշման հետ, սակայն նահանգի օրենսդրությունը չի կարող հակասել դրան»:

Դատավորի այս մեկնաբանությանն ի պատասխան Ցեղասպանության զոհերի ժառանգներից մեկի փաստաբան Բրայան Կաբաթեքն ասել է, թե նահանգի օրենսդրության եւ դաշնային քաղաքականության միջեւ որեւէ հակասություն չկա: Շուրջ 40 նահանգ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Փաստաբանն ասել է նաեւ, որ իրենք դաշնային դատարանի կայացրած որոշումը բողոքարկելու են:

«Փաստորեն Կալիֆորնիայի դաշնային դատարանի կայացրած այս որոշումից հետո Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներն այլեւս չեն կարող դիմել դատարան ապահովագրական այն ընկերությունների դեմ, ովքեր հրաժարվում են վճարել փոխհատուցման գումարները», - գրում է այսօր «Լոս Անջելես Թայմս»-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG