Մատչելիության հղումներ

Օգոստոսի 20-ի մամուլ


«Առավոտ»-ը, հրապարակելով վարչապետ Տիգրան Սարգսյանի ծառայողական մեքենաների լուսանկարները, գրում է. - «Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը իր վերջին ծրագրային ելույթում կոչ արեց ավտոմեքենաների վարորդներին եւ ուղեւորներին՝ կապել ամրագոտիները, արդարացիորեն շեշտելով, որ առանց ամրագոտիների երթեւեկելը «լոպազություն» է։ Համաձայնելով հարգարժան վարչապետի հետ, որ մեր ճանապարհը դեպի Եվրոպա սկսվում է երթեւեկության կանոնները հարգելուց, ուզում ենք հարցնել նրան. - «Կարելի՞ է արդյոք ինտեգրվել եվրոպական ընտանիքին՝ առանց պետհամարանիշերի»։ Տարբեր օրերին արված այս լուսանկարներից երեւում է, որ պետական գործերով վարչապետին տեղափոխող թե BMW-ն, թե Mercedes Brabus-ը պետհամարանիշեր չունեն։ Խախտում՝ որի համար նախատեսված է 100 հազար դրամ տուգանք։ Արդյոք այդ ձեւով երթեւեկելը լոպազություն չէ՞»։

Ներկայացնելով «դիկնատուրա» հասկացության իբր քաղաքական եզրի նկարագրությունը՝ «Առավոտ» թերթի խմբագիրը նկատում է, որ հայաստանյան իրականությունը շատ մոտ է դիկտատուրային: Խմբագիրը, այդուհանդերձ, նշում է. - «Թե ինչու Հայաստանում դիկտատուրան վերջնական տեսք չի ստանում՝ դա էլ ունի իր բացատրությունը: Ցավոք, մեզանում չեն գործում իշխանավորների կամայականությունները զսպող օրենսդրական, քաղաքական, հասարակական մեխանիզմներ: Միակ զսպող գործոնն այն է, որ մեր երկիրը զգալի կախվածության մեջ է Արեւմուտքից, եւ դա 18 տարի շարունակ ստիպում է մեր իշխանություններին աշխարհի առաջ հանդես գալ քիչ թե շատ «մարդկային դեմքով»: Բայց հասկանալի է, որ դա շատ խախուտ, շատ պայմանական եւ, ըստ էության, ժամանակավոր գործոն է, որի վրա հույս դնելն անիմաստ է: Մի բան էլ եմ հաճախ լսում փողոցներում՝ հասարակ մարդկանցից. «Էս ազգին Ստալին է պետք, որ կարգուկանոն հաստատի»: Եթե մեծամասնությունը շատ ցանկանա՝ «Ստալին» մենք կունենանք, բայց դա կարգուկանոն չի ավելացնի»:

«Հրապարակ»-ի խմբագրականը հասարակական հոգեբանության փոփոխություններին առնչվող ցավոտ հարց է բարձրացնում. - «Տարեց դատախազներից մեկը մի առիթով ասում էր, որ խորհրդային շրջանում եթե ամիսը մեկ սպանության դեպք էր գրանցվում, ողջ համակարգում գրեթե արտակարգ դրություն էր հայտարարվում, բոլոր ուժերը մոբիլիզացվում էին հանցագործությունը բացահայտելու եւ նախաքննությունը վարելու ուղղությամբ, հատուկ քննարկումներ էին ծավալվում, թե ինչպես կանխել ծանր հանցագործությունների աճը, վիճակագրական տվյալներ էին վերհանվում եւ մարդիկ էին պատժվում՝ հանցավորության աճի կանխման պրոֆիլակտիկ աշխատանքները ձախողելու համար: Հիմա օրական հավանաբար մի քանի սպանություն է կատարվում մեր հանրապետությունում, մեկը մեկից զազրելի ու սահմռկեցուցիչ: Անշուշտ, իրավապահներն ու հոգեբանները, սոցիոլոգներն ու մանկավարժները մտածելու շատ բան ունեն. ի՞նչն է նման աննախադեպ զարգացումների պատճառը, նյարդային, հոգեբանական, առողջական ի՞նչ խնդիրներ կան մեր բնակչության շրջանում կուտակված»:

«Հայոց Աշխարհ»-ին տված հարցազրույցում, պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս վիճակի մասին հարցին, ՀՅԴ-ի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն ասում է. - «Այսօր ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրները ճնշումներ են գործադրում Հայաստանի եւ Ադրբեջանի վրա, որի նպատակը մինչ հոկտեմբերի 14-ին կայանալիք ֆուտբոլային հանդիպումը Արցախյան հիմնախնդրի կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ հակամարտող կողմերի համաձայնությունը ձեռք բերելն է։ Թուրքիան ակնկալում է Հայաստանի նախագահի պատասխան այցը, իսկ միջնորդները փորձում են բավարարել թուրքական կողմի առաջադրած պահանջը կամ նախապայմանը, ըստ որի, քանի դեռ Արցախի հիմնահարցը չի կարգավորվել՝ Թուրքիան Հայաստանի հետ որեւէ պայմանագիր չի ստորագրի։ Ապրիլի 22-ի համատեղ հայտարարությունից հետո Թուրքիան է, որ փաստացիորեն կասեցրել է երկկողմ բանակցությունների ընթացքը։ Եթե մինչեւ հոկտեմբերի սկիզբը միջնորդներին հաջողվի Հայաստանից եւ Ադրբեջանից դրական տեսակետ ստանալ հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների վերաբերյալ, ապա կսկսեն ճնշում բանեցնել Թուրքիայի վրա, որ պաշտոնական Անկարան դարձյալ շարժման մեջ դնի ապրիլի 23-ից կասեցրած բանակցային ընթացքը։ Կարծում եմ, առաջիկա շաբաթներին մեզանում սպասվում են քաղաքական «տաք» զարգացումներ։ Բանն այն է, որ մինչեւ հոկտեմբեր պաշտոնական Երեւանը պետք է վերջնական տեսակետ ձեւավորի կարգավորման հիմնական սկզբունքներ կոչվածի վերաբերյալ»։

«Ժամանակ» թերթին հարցազրույց է տվել Հայ ազգային կոնգրեսի անդամ Պետրոս Մակեյանը: Հարց. «Ինչպե՞ս եք գնահատում Կոնգրեսի մարզային այցելությունները: Դրանք սոսկ քաղբանտարկյալների ընտանիքներին այցելություննե՞ր են, թե՞ ունեն նաեւ նախընտրական արշավի տարրեր»: Պատասխան. «Իմ կարծիքով` մարզային այցերը քաղբանտարկյալների ընտանիքներին աջակցելու, նրանց բարոյապես թեւ ու թիկունք կանգնելու զուտ մարդկային խնդիր են լուծում, եւ դրանում քաղաքական տարրեր չեմ տեսնում: Չնայած այսօր Հայաստանում ցանկացած քայլում քաղաքական երանգներ են փորձում գտնել, առավել եւս, որ հիմնադիր նախագահը մարզային այցելությունների է գնում, բայց ես համոզված եմ, որ սա մարդկային ու բարոյական հարթության վրա կատարվող քայլեր են: Իսկ թե ով ինչպիսի ենթատեքստ կտեսնի դրանում, դա արդեն առանձին խնդիր է»: Հարց. «Ձեր կարծիքով, ի՞նչ նկատի ուներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, երբ խոսում էր աշնանը իրավիճակի փոփոխության մասին»: Պատասխան. «Այդ հարցի հստակ պատասխանը ինքը Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է տալ, բայց ես ենթադրում եմ, որ իրավիճակի փոփոխության կարող են բերել մի կողմից այն զարգացումները, որոնք գնում են ղարաբաղյան գործընթացում, մյուս կողմից` իշխանական համակարգում էլ են հասկանում, որ այն սանձարձակություններն ու «բեսպրեդելը», որ տեղի է ունենում ներիշխանական համակարգում` երկար շարունակվել չի կարող, որ գործ ունենք անհեռանկար ու անապագա իշխանությունների հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG