Մատչելիության հղումներ

Հուլիսի 23-ի մամուլ


Ազգային ժողովի փոխնախագահ, մարտի 1-ի իրադարձություններն ու դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողի նախագահ Սամվել Նիկոյանը «Հայոց Աշխարհ»-ին տված հարցազրույցում ասում է. - «Առաջիկայում հանձնաժողովի ուշադրությունը հրավիրելու եմ մասնավորապես այն փաստի վրա, որ փետրվարի 29-ին ցուցարարների հետ Թատերական հրապարակում գիշերել է մի անչափահաս աղջիկ։ Այս փաստը հաստատող բազմաթիվ տվյալներ ու փաստարկներ կան։ Միեւնույն ժամանակ հայտնի է ու բազմիցս ապացուցված է, որ ցույցերի կազմակերպիչներն ու ղեկավարները, նաեւ ցուցարարները հավաստիորեն իրազեկված են եղել, որ առավոտյան ոստիկանները Թատերական հրապարակը ցուցարարներից ազատելու օպերացիա են իրագործելու։ Ուստիեւ բնական հարց է առաջանում, որին հանձնաժողովը պետք է անդրադառնա։ Ինչո՞ւ էին արմատական առաջնորդները թույլատրել, որ ոստիկաններին դիմադրելու պատրաստվող ցուցարարների հետ գիշերի նաեւ անչափահաս աղջիկը։ Չեմ ուզում պնդել, թե նրանք իրենց քաղաքական ծրագրերն իրագործելու համար անչափահասներ են հավաքագրել, սակայն չեմ կարող հավատալ, թե ցույցերի կազմակերպիչներն ու ղեկավարները անտեղյակ են եղել»։

«168 ժամ»-ը գնահատում է Վիճակագրական ծառայության վերջին հաշվետվությունը՝ նշելով. - «Տնտեսության վերաբերյալ Ազգային վիճակագրական ծառայության` նախօրեին հրապարակված տվյալները պետք է որ սառը ցնցուղ լինեին հասարակության համար: Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ տնտեսության անկումը կազմել է 16,3%: Սակայն հասարակությունը դրան առանձնապես չարձագանքեց, քանի որ մարդիկ իրականում թքած ունեն պաշտոնական տվյալների վրա եւ տնտեսության մասին դատում են սեփական կենսամակարդակով: Փոխարենը երեկ մտքի հերթական «մարգարիտներն» է հայտնել վարչապետ Տիգրան Սարգսյանը` հայտարարելով. «Հայաստանում ներքին ապրանքաշրջանառության ոլորտում այս տարի ստվերը կրճատվել է 16%-ով»: Զարմանալի զուգադիպությամբ` գրեթե այնքան, որքան կազմել է տնտեսական անկումը: Այսինքն` պետք է ենթադրել, որ կամ ստվերային դաշտում գործող բոլոր սուբյեկտներն անցած 6 ամիսներին սնանկացել են (թեեւ դժվար է գտնել իշխանությունների հովանավորությունը վայելող որեւէ սնանկացած գործարարի), կամ էլ Տիգրան Սարգսյանն այս հայտարարությունն անում է միանգամայն այլ նպատակով»: Թերթը եզրակացնում է. - «Իրականում, ինչպես մեր, այնպես էլ միջազգային կազմակերպությունների պաշտոնյաներին քիչ է հետաքրքրում ստվերային տնտեսության կրճատումը: Երկուստեք կարեւորը շահերն են: Առաջին հերթին` ստվերային»:

«Առավոտ»-ի թղթակիցը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդականական խմբակցության ղեկավար Արամ Սաֆարյանին հարցնում է. - «Նախորդ շաբաթ դուք գովերգում էիք մադրիդյան կոչվող սկզբունքները, որոնք համանախագահները հրապարակ էին նետել, սակայն երեկ արդեն պարզվեց, որ նույն այդ սկզբունքները «թարմացվում» են եւ հնարավոր է՝ լուրջ փոփոխությունների ենթարկվեն: Ինչո՞վ եք բացատրում, որ դրանք հիմա էլ փոփոխվում են եւ հիմա ի՞նչ եք ասելու»: Սաֆարյանը պատասխանում է. - «Ես կարող եմ դրան պատասխանել այսպես՝ հայկական կողմը, սկսած 2007 թվականից, երբեք չի բացահայտել մադրիդյան կոչված սկզբունքների բովանդակությունը, հակառակ այն իրողության, որ թե միջազգային կառավարական եւ ոչ կառավարական զանազան կազմակերպությունները եւ թե ադրբեջանական կայքերը պարբերաբար տվել են որոշակի տեղեկություններ, իմ կողմից ավելացնեմ՝ ոչ ստույգ եւ ոչ ամբողջական, որոնք հասարակությանը ներկայացվել են որպես, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքներ: Եվ այն ժամանակ, երբ երեք երկրների նախագահները հայտարարեցին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ համաձայնեցված սկզբունքների մասին, սկսեցին խոսել այն մասին, որ մադրիդյան 14 կամ 16 սկզբունքներից առայժմ համաձայնեցված են միայն վեցը: Այն բանից հետո, երբ երկու երկրների նախագահները շարունակեցին բանակցությունները, եւ, այսպես կոչված, կետերի թիվը չավելացավ, սկսեցին խոսել այն մասին, որ բանակցությունների գործընթացում փոփոխման են ենթարկվում այն դրույթները, որոնք, այսպես կոչված, սկսել էին համաձայնեցվել 2007-ից: Դրա համար, ես կարծում եմ, մեր դիվանագետներին պետք է հնարավորություն տալ շարունակելու կառուցողական բանակցությունները՝ առանց բզբզելու մանրուքների մեջ»:

«Հայկական ժամանակ»-ն անդրադարձել է նախօրեին Երեւանում տեղի ունեցած կողոպուտին: Դրա արդյունքում, հիշեցնենք, «ՎՏԲ» բանկի մասնաճյուղերից մեկում անհայտ անձինք հափշտակել էին 5 միլիոն դրամ: Թերթը գրում է. - «Սա Հայաստանի քրեական անցուդարձի համար նորություն է, քանի որ մինչեւ այս ինկասատորների վրա հարձակվելու, գիշերով բանկի պատուհանը կամ դուռը բացելով այնտեղից գումարներ գողանալու եւ նմանատիպ բազմաթիվ դեպքեր արձանագրվել էին: Բայց չէր եղել դեպք, երբ հանցագործները զինված, օրը ցերեկով մտնեին բանկ եւ այնտեղից գումար հափշտակեին: Տեղի ունեցածը վերջին մեկուկես տարում ոստիկանության գործունեության անմիջական պտուղն է: ՀՀ ոստիկանությունը ներկայումս հիմնականում մեկ գործով է զգաղված՝ փորձում է հմտանալ ցուցարարներին ծեծելու գործում՝ ոստիկաններին դրդելով հանցագործի դերը անձամբ ստանձնել: Ուստի կասկած չկա, որ նման պայմաններում քրեական տարրերն իրենց ավելի ազատ կզգան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG