Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը «անիմաստ աղմուկ եւ աժիոտաժ» է որակում իր հրաժարականի պահանջները


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երկուշաբթի «անիմաստ աղմուկ եւ աժիոտաժ» որակեց ղարաբաղյան կարգավորման գործընթացի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ Հայ հեղափոխական դաշնակցության հնչեցրած բացասական կարծիքները, որոնք ուղեկցվում էին Նալբանդյանի հրաժարականի պահանջներով:

«Եթե մինչեւ հիմա չենք մեկնաբանել Դաշնակցության` իմ հրաժարականի պահանջի վերաբերյալ հայտարարությունը, ուրեմն այդ պահանջը մեկնաբանության կարիք էլ չունի», - «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Անցած շաբաթ Հայ հեղափոխական դաշնակցությունը հանդես էր եկել կոշտ հայտարարություններով: ՀՅԴ-ն կարծիք էր հայտնել, որ եթե նորացված Մադրիդյան սկզբունքների հիման վրա ձեւավորվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ամբողջական փաստաթուղթը եւ այդ սկզբունքները սկսեն կիրառվել, դա կբերի նոր պատերազմի, ոչ թե կայուն խաղաղության:

Նույն դիրքորոշումն էր որդեգրել նաեւ «Ժառանգություն» կուսակցությունը, հայտարարելով, թե եթե Սերժ Սարգսյանը Մոսկվայում ինչ-որ փաստաթուղթ ստորագրի, հիմք ընդունելով «մադրիդյան սկզբունքները», իրենք կպահանջեն նախագահի հրաժարականը: Երկուշաբթի օրը արդեն քննադատական հայտարարությամբ հանդես էր եկել Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությունը, որով հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան կարգավորման բանակցությունների հետ կապված վերջին զարգացումները գնահատել էր «վտանգավոր» եւ պնդել, թե «ձախողումների թիվ մեկ պատասխանատուն» Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն է:

«Վերջին շրջանի այն անիմաստ աղմուկը եւ աժիոտաժը, որը բարձրացվել է Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, իսկապես անհիմն է», - ասաց Հայաստանի արտգործնախարարը` տարբեր քաղաքական ուժերի նմանօրինակ հայտարարությունները բացատրելով «որոշ միամտությամբ», կամ «պղտոր ջրում ձուկ որսալու փորձերով»:

«Չեմ կարծում, որ Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ, որը ազգային նշանակություն ունի, շահարկումները որեւէ մեկին պատիվ են բերում», - հավելեց Նալբանդյանը:

Հայաստանի արտգործնախարարը նաեւ անդրադարձավ Մադրիդյան նորացված սկզբունքներին, մեկնաբանելով. - «Հայաստանը իր հավանությունը Մադրիդյան փաստաթղթին չի տվել եւ այդպիսի հայտարարություն պաշտոնական մակարդակով երբեւէ չի արել: Մենք ասել ենք, որ Մադրիդյան փաստաթուղթը բանակցությունների հիմք է հանդիսանում. Այդքանը միայն»:

Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա երկխոսությանը, ապա Հայաստանի արտգործնախարարը այսօր շեշտեց, թե ապրիլի 23-ի հռչակագրից հետո որեւէ նոր փաստաթուղթ չի ստորագրվել, եւ Հայաստանը պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու` Թուրքիայի առաջարկին համաձայնություն չի տվել, շեշտելով, թե ինքը շարունակում է լավատես մնալ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման վերաբերյալ. - «Կարծում եմ, դեռ շանսը չի կորսված, որպեսզի երկու երկրները գնան հարաբերությունների կարգավորմանը, եւ դա ոչ միայն մեր երկու երկրների շահերից է բխում, այլ նաեւ ամբողջ տարածաշրջանի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG