Մատչելիության հղումներ

Քաղաքագետները մեկնաբանում են ղարաբաղյան զարգացումները


Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) կազմակերպության Մինսկի խմբում համանախագահող երկրների նախագահների հայտարարությունից հետո հայաստանյան լայն շրջանակներում շարունակվում են քննարկվել քողարզերձված Մադրիդյան սկզբունքները:

Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար, քաղաքագետ Արման Մելիքյանի համոզմամբ, «հայկական կողմերը համաձայն են իրենց մեղսագրված մեղքերին», իսկ միջնորդները «խեղաթյուրում են խնդիրը»:

«Նրանք հայկական կողմերին պարտադրում են տարածքների հանձնում, ադրբեջանցիների վերադարձ, անվտանգության՝ իրենց համար ընդունելի երաշխիքների ընկալում, բայց սա նախատեսում է հայկական կողմերից լուրջ, արմատական զիջումներ, որոնք չեն փոխհատուցվում Ադրբեջանի կողմից համարժեք քայլերով», - լրագրողների հետ հանդիպմանը չորեքշաբթի օրը ասաց Մելիքյանը:

Նրա խոսքով, Սերժ Սարգսյանը 2005 թվականից խոսում է «տարածքները պահպանելու անհեռատեսության մասին». - «Ինքը սկզբունքորեն կողմ էր այս մոտեցմանը դեռեւս այն ժամանակ, հետեւողականորեն ընթացել է դեպի այդ նպատակը եւ, թվում է թե, մոտ է այդ նպատակին»:

«Ես կարծում եմ, որ տարածքներ հանձնելու հաշվարկը սխալ է եւ անիրագործելի: Պարզապես հիմա այն, ինչ չէր երեւում 4-5 տարի առաջ, դարձավ տեսանելի բոլորիս համար: Եվ այսօր հանրությունը պետք է ինքը որոշում կայացնի: Այլեւս գաղտնի բան չկա: Մադրիդյան սկզբունքների հրապարակումը այդ տեսանկյունից շատ դրական քայլ է, որ արել են համանախագահները», - եզրափակեց նա:

Քաղաքական վերլուծություննների «Ակունք» կենտրոնի ղեկավար, նախկին Դաշնակցական Ռուբեն Հակոբյանի կարծիքով, նախագահ Սարգսյանը «փորձում է շարունակել այն քաղաքականությունը, որը մինչեւ այդ իրականացրել է Ռոբերտ Քոչարյանը»:

«Բայց քաղաքական միջազգային դիվանագիտական հարթության վրա ձեւավորված իրողությունները ինչ-որ տեղ պարտադրանքի տակ են դրել այսօրվա իշխանություններին: Եվ եթե նկատի ունենանք, որ իշխանությունը իր պահվածքով, ժողովրդի մոտ ունեցած իր վարկանիշով բավականին ծանր վիճակում է գտնվում, այլ խոսքով՝ չունի այն վստահությունը ժողովրդի մոտ, որ կարողանա վճռական քայլեր անի, եւ ժողովուրդը սատարի այդ քայլերին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG