Մատչելիության հղումներ

Հուլիսի 14-ի մամուլ


Թերթերը շարունակում են արձագանքել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների՝ Ղարաբաղյան կարգավորմանը վերաբերող համատեղ հայտարարությանը: ԼՐԱՑՎԱԾ

«Առավոտ»-ի խմբագիրն այս առնչությամբ գրում է. - «Ինձ համար փոքր-ինչ տարօրինակ է, թե ինչու բանաձեւի հերթական տարբերակի հրապարակումը այդպիսի կրքեր առաջացրեց Հայաստանում եւ Ադրբեջանում: Եթե խոսք գնար «քարտեզի», «տարածքների» մասին, ապա հնարավոր կլիներ խոսել այս ոճով՝ «այս մեկը տանք ձեզ, այս մեկը պահենք մեզ, իսկ ահա այստեղ կտեղադրենք Գանայի խաղաղապահներին»: Բայց Ղարաբաղը տարածք չէ, դա, նախեւառաջ մարդիկ են: Այդ մարդիկ ընտրել են իրենց իշխանությունը: Ինչպես ուզում եք այն անվանեք, թեկուզ «սեպարատիստական ռեժիմ»: Հիմա եթե քարտեզի շուրջ հավաքվեն աշխարհի ամենախելացի գործիչները ու ունենան ամենաբարի մտադրությունները, միեւնույն է՝ առանց այդ մարդկանց եւ նրանց կողմից ընտրված իշխանության հարցը հնարավոր չէ լուծել: Այդ առումով Լեռնային Ղարաբաղի ղեկավարության դիրքորոշումը ինձ այս պահին տրամաբանական է թվում. առանց գոռալ-գոչելու նրանք աշխարհին հորդորում են հաշվի նստել կայացած փաստի հետ»:

Թեման շարունակում է «de facto Իրավունքը» թերթը. - «Միակ նորույթն այս ամենում G8-ի շրջանակներում համանախագահող երկրների հայտարարությունն էր, որն էլ այլ բան, քան ստատուս-քվոն շարունակվում է, չէր նշանակում: Ասել է` բոլորն իրենց տեղում են, եւ համանախագահող կողմերը կարողացան պարիտետը պահպանել այս փուլում: Բացատրենք. համաձայնագիր, թեկուզ «շրջանակային», կարող է ստորագրվել միջազգային շատ մեծ զոնդաժի դեպքում: Այդպիսին այսօր չկա, եթե չասենք` հակառակը: Եվ Ղարաբաղը մնում է «մերը», ու ստատուս-քվոն էլ անվերջ շարունակվում է` մեր կամքից անկախ, որովհետեւ գերտերությունները ոչ մի կերպ եւ վերջնական չեն կարող պայմանավորվել հետխորհրդային երկրների, էլ առավել` այս տարածաշրջանի հաշվով»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Արտաքուստ թվում է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը եւ Մադրիդյան սկզբունքների հրապարակումը այնպիսի միասնական ու համակարգված քաղաքական թելադրանքներ են, որ կողմերի խուսափելու հնարավորությունը կանխապես շրջափակվել է։ Սակայն տեղի ունեցող կարեւոր իրադարձության խորքային զսպանակների հանգամանալից քննությունը բերում է այն եզրահանգման, որ Մադրիդյան սկզբունքների քողազերծումը իրականում ռուս-ամերիկյան բարդ ու բազմապլան հարաբերությունների երեւացող մասն է միայն, որոնցում դրսեւորվում են ինչպես համագործակցության, այնպես էլ մրցակցության միտումներ»։ Աշխարհաքաղաքական մի շարք գործոնների վերլուծության արդյունքում թերթի մեկնաբանը հանգում է հետեւյալ եզրակացությանը. - «Հետագա հստակեցման համար առաջիկայում «լակմուսի թուղթ» է ծառայելու Վրաստանի շուրջ ռուս-ամերիկյան մրցակցությունը համագործակցության վերածվելու հեռանկարը։ Քանի դեռ այս հարցում խոսքից գործի անցնելու միտումներ չեն նկատվում, Ղարաբաղյան ստատուս քվոյի փոփոխության հավանականությունը սոսկ տեսական բնույթ ունի»:

Նույն թեմայի կապակցությամբ «Չորրորդ իշխանություն» թերթում կարդում ենք. - «Սա այն դեպքը չէ, որ հնարավոր լինի ձեւացնել, թե իբր ոչինչ տեղի չի ունեցել եւ Հայաստանի իշխանություններն ուզած-չուզած պիտի իրենց պաշտոնական դիրքորոշումն արտահայտեն: Իշխանությունների ներսում խուճապն ակնհայտ է: Բանն այնտեղ է հասել, որ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը ողջունում է երեք նախագահների հայտարարությունը եւ նույնիսկ շնորհակալություն հայտնում, իսկ նրա տեղակալ Շավարշ Քոչարյանը գնահատական է հնչեցնում, թե «այդ հայտարարությունը իր վրա միարժեք կրում է ադրբեջնական պրոպագանդայի կնիքը: Բայց խնդիրը նույնիսկ սա չէ: Վերջին հաշվով՝ վաղուց որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում կատայալ «բարդակ» է, ում խելքին ինչ փչում է, խոսում է, ու դրա միակ պատճառն այն է, որ Հայաստանը, մեծ հաշվով, արտաքին քաղաքականություն չունի... Մի բան ակնհայտ է՝ ոչ Սերժ Սարգսյանն է իր պաշտոնավարման մեկուկես տարվա ընթացքում երբեւէ այսքան ծանր վիճակում եղել, ոչ էլ Հայաստանը՝ իր անկախության 18 տարիների ընթացքում: Եվ սա տասնամյա «հաղթողականության» տրամաբանական արդյունքն է»:

«Տարեգիր» թերթը թեմային անդրադարձել է ՀՅԴ-ի՝ վերջերս Ստեփանակերտում անցկացրած համաժողովի եւ դրա արդյունքում ընդունված հայտարարության պրիզմայով. - «Մի՞թե դաշնակցությունը կարող է առարկել, որ Ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցային գործընթացը այս կետին է հանգել քոչարյանաօսկանյանադաշնակցական «հմուտ» դիվանագիտության «շնորհիվ». այլ կերպ ասած՝ դաշնակցությունը հայտնվել է իր իսկ եփած ճաշը համտեսելու անխուսափելիության առջեւ։ Ո՞վ էր տասը տարի շարունակ խրախուսում եւ գովերգում Ռոբերտ Քոչարյանի վարած արտաքին քաղաքականությունը, որի վտանգների մասին շարունակ ահազանգում էր ընդդիմությունը, եւ որը, ի վերջո, հասել է իր անփառունակ ավարտին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG