Մատչելիության հղումներ

Հուլիսի 11-ի մամուլ


Թերթերը արձագանքել են Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների` Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությանը:

Անդրադառնալով հայտարարության այն հատվածին, որում նշվում է Ղարաբաղի հարակից շրջանները Ադրբեջանին վերադարձնելու եւ ներքին տեղահանվածների վերադարձի անհրաժեշտության մասին` «Հայք»-ը, մասնավորապես, նկատում է. - «Ամենատխուրն այն է, որ այս ընթացքում որեւէ մեկին չի էլ հետաքրքրում Լեռնային Ղարաբաղի կարծիքը: Ավելին, վերջին տարիներին ՀՀ իշխանությունների գործողությունները հանգեցրել են նրան, որ արդեն որեւէ մեկը հաշվի չի նստում նաեւ պաշտոնական Երեւանի հետ: Քոչարյանը եւ նրա շուրջ համախմբվածները ՀՀ հիմնադիր նախագահին մեղադրում էին պարտվողական քաղաքականություն իրականացնելու մեջ: Հիմա տրամաբանական հարց է առաջանում, իսկ որ՞ն է հաղթական քաղաքականությունը: Եթե սրանք են հաղթական քաղաքականության մասին Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի պատկերացումները, ապա մեր երկիրը շատ լուրջ խնդրի առջեւ է կանգնած»:

Նույն հայտարարության կապակցությամբ «Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մոսկովյան հանդիպման վրա իր նշանակալի ազդեցությունն է թողնելու ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների` երեկ տարածած հայտարարությունը, որով նրանք ՀՀ եւ Ադրբեջանի նախագահներին կոչ են արել լուծել դեռեւս առկա որոշ տարաձայնությունները եւ ավարտին հասցնել խաղաղ կարգավորումը: Այսպիսով, համանախագահող երկրների նախագահների համատեղ հայտարարությունը, կարելի է ասել, արվել է բանակցային գործընթացին ֆորմալ բնույթ հաղորդելու նպատակով: ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները պաշտոնական փաստաթղթով ՀՀ եւ Ադրբեջանի նախագահներին «մեսիջ» են ուղարկում` արագացնել բանակցությունների ընթացքը: Ընդհանուր տպավորությունն այն է, որ նախագահների մատնանշած փաստաթուղթը փաստացի պարտադրողական բնույթ է կրում, եւ փորձ է արվում տվյալ փաստաթղթի կետերի հիման վրա կողմերին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման լուծում պարտադրել»:

«Չորրորդ իշխանություն»-ը անդրադարձել է ֆինանսների նախարարի ուրբաթ օրվա հայտարարություններին` գրելով. - «ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը երեկ մի քանի ուշագրավ մտքեր է հայտնել: Օրինակ, նա կարծիք է հայտնել, թե 2010 թվականին Հայաստանի տնտեսությունը 1-1,5 տոկոսով կաճի, հետո էլ տեղեկացրել է, որ այս տարվա հունիսին մայիսի համեմատ ավելի շատ հարկեր են հավաքվել: Ֆինանսների նախարարը երեկ այլ սենսացիոն բացահայտումներ էլ է արել: Նա, օրինակ, հայտարարել է, թե տնտեսության 30 տոկոսանոց անկման պարագայում մեկ այլ երկիր վաղուց արդեն գոյություն չէր ունենա, տնտեսությունը կփլուզվեր»: Հրապարակման հեղինակը, ի շարս այլ հետեւությունների, հետեւյալ ամփոփիչ գնահատականն է տալիս. - «Հատկանշական է, որ ֆինանսների նախարարը «ժողովրդի վիճակը» գնահատելու իր չափանիշներն ունի: Որպեսզի ապացուցի, որ մարդկանց վիճակը չի վատացել, նա միայն մի փաստ է բերում. - «Իրիկունը սրճարանների բակերում մեքենաների պակաս չկա»: Պատկերացնո՞մ եք, եթե որեւէ մեկը որեւէ երկիր այցելի եւ տվյալ ժողովրդի մասին պատկերացում կազմի բացառապես գիշերային ակումբների այցելուներին նայելով, կամ այցելի մտավոր հետամնացների դպրոց եւ ըստ այդմ էլ սկսի դատողություներ անել տվյալ ժողովրդի ինտելեկտուալ մակարդակի մասին: Բայց ֆինանսների նախարարը մոտավորապես նույն բանն է անում: Նրա մտքով անգամ չի անցնում, որ «սրճարանների բակերը» լցված մեքենաների տերերը ոչ թե շարքային քաղաքացիներն են, այլ հակառակը` նրանք, ում պատճառով շարքային քաղաքացիները չեն կարողանում նորմալ ապրել»:

«Առավոտ»-ի խմբագիրը անդրադառնում է Եվրոդատարանի վճիռների արդյունքում Հայաստանի կրած բյուջետային վնասներին` արձանագրելով. - «2003-04 թվականներին ոստիկանները ընդդիմության հանրահավաքի մասնակիցներին տարել են քաղմաս, որից հետո մեր «անկախ» դատարանները «դակել» են այդ մարդկանց կալանավորելու մասին որոշումները, հիմա մենք` հարկատուներս, իշխանությունների այդ օրինազանցությունների համար պետք է վճարենք: Բայց դրանք դեռ թեթեւ ծախսեր են. հաջորդ տարիներին մենք տասնապատիկ ավելի մեծ գումարներ ենք մուծելու ոստիկանների, քննիչների եւ դատավորների` քաղաքական պատվերներ կատարելու համար: Եթե «մարտի 1-ի» գործերի գոնե մի մասը հասնի Եվրոդատարան (ինչն ավելի քան հավանական է), ապա հաջորդ անգամ պարոն Դանիելյանը կես միլիոն եվրոյից պակաս կառավարությունից չի ուզի: եվրոդատավորները զարմանքով կհարցնեն հայաստանցի դատավորներին` «այդ ինչպե՞ս ստացվեց, սիրելիներս, որ դուք դատապարտել եք մարդկանց` 1-2 ոստիկանի կամ գործակալի ցուցմունքների հիման վրա: Դե, վճարեք, ուրեմն, այդ մարդկանց 10 հազարական եվրո»: Բայց մեր դատավորները կարող են չմտահոգվել` իրենց եկամուտների վրա դա չի ազդի: Նույնը չի կարելի ասել բյուջեի ծախսերի մասին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG