Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը պատրաստվում է հուլիսի 2-ին հանրահավաք անցկացնել


Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) պատրաստվում է հուլիսի 2-ին հանրահավաք անցկացնել հետընտրական իրադարձությունների առնչությամբ կալանավորված եւ օրերս համաներմամբ ազատ արձակված ընդդիմադիր գործիչների մասնակցությամբ: Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Հունիսի 12-ի ընդդիմադիր հանրահավաքում ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ Հայ ազգային կոնգրեսի հաջորդ հանրահավաքը կայանալու է սեպտեմբերի 18-ին:

Այս առիթով Լեւոն Զուրաբյանը մանրամասնեց. - «Մենք ընդամենը ասել ենք, այն հանրահավաքի օրը, որը անպայման անցկացնելու ենք` սեպտեմբերի 18-ին, դա մնում է ուժի մեջ: Բայց մեր քաղբանտարկյալների ազատման առիթով մենք ցանկանում ենք անցկացնել հանրահավաք, որին կմասնակցեն մեր քաղբանտարկյալները»:

Զուրաբյանի բնորոշմամբ, մինչ այժմ Հայ ազգային կոնգրեսը «մի քիչ ինվալիդ վիճակում էր»:

«Մենք հիմա պետք է վերակազմավորենք ամբողջ շարժումը, որովհետեւ նոր, հզոր ռեսուրսներ են միացել շարժմանը: Պատահական չէ, որ այս մարդկանց էին ձերբակալել մարտի 1-ից հետո: Այդ մարդկանց ձերբակալել էին միայն այն պատճառով, որ նրանք լուրջ ուժ են ներկայացրել, եղել են շարժման լավագույն կազմակերպիչները, ամենաազդեցիկ մարդիկ», - ասաց Հայ ազգյաին կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը` հավելելով. - «Հիմա մեր լավագույն, հզորագույն տղերքին վերադարձրեցին, շարժումը դրանից միայն ուժեղանալու է»:

Համաներման մասին Ազգային ժողովի հունիսի 19-ի որոշման հիման վրա արդեն իսկ ազատ են արձակվել 2008 թվականի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմին աջակցող մի շարք ընդդիմադիրներ, այդ թվում` Հայաստանի նախկին արտգործնախարար, ընտրություններում Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանը, Տեր-Պետրոսյանի վստահված անձ Սուրեն Սիրունյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ Հակոբյանը եւ Մյասնիկ Մալխասյանը, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը, Տեր-Պետրոսյանի կենտրոնական շտաբի անդամ Դավիթ Մաթեւոսյանը եւ ուրիշներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG