Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն հայտարարում է մահափորձի բացահայտման մասին


Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ նախորդ ամիս իրականացված մահափորձի բացահայտման մասին:

Ըստ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի հաղորդագրության, միջազգային հետախուզություն է հայտարարվել մահափորձի պատվիրատուի` Մաքսային կոմիտեի Մաքսանենգության վարչության նախկին պետ Ռոբերտ Երիցյանի նկատմամբ: ԱԱԾ-ի մարմինների եւ Ոստիկանության համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել եւ կալանավորվել են հանցագործության կատարողներն ու մասնակիցները` թվով 8 անձ: Կալանավորվածների թվում է նաեւ հանցավոր խմբի պարագլուխը` Երեւանի բնակիչ Գագիկ Մաթեւոսյանը, ով հայտնի է «Մուսկուլ Գագո» մականվամբ:

Մայիսի 23-ին Գագիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձ իրականացնելու նպատակով հիշյալ հանցավոր խմբի անդամները, ըստ ԱԱԾ-ի, Երեւանի Տերյան փողոցի 19 շենքի բակում գտնվող կիսակառույց շենքի ամրանի վրա տեղադրել են ինքնաշեն հեռակառավարվող պայթուցիկ սարք` ուղղորդված պայթյուն իրականացնելու համար: Դեպքի վայրից հայտնաբերվել են շուրջ 600 գրամ տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութ պայթյունը իրականացնելու համար անհրաժեշտ սարքավորումներ:

Հաղորդվում է, որ Ռոբերտ Երիցյանը հանցավոր խմբին Երեւանի բնակիչ Ռոբերտ Մասումյանի միջոցով 150 հազար դոլար է փոխանցել` որպես վճար մահափորձի պատվերի դիմաց: Ռոբերտ Մասումյանը դիմել է փախուստի, թաքնվելով Վրաստանի տարածքում, սակայն այդ երկիր մեկնած Հայաստանի ԱԱԾ-ի աշխատակիցները, տեղի հատուկ ծառայությունների հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Թբիլիսիի օդանավակայանում Վիեննա մեկնելիս ձերբակալել եւ կալանավորել են Մասումյանին:

Ազգային անվտանգության ծառայությունը միջազգային հետախուզում է հայտարարել Ռոբերտ Երիցյանի նկատմամբ: «Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, սակայն, Ռոբերտ Երիցյանը Հայաստանում է եւ պատրաստվում է կամավոր ներկայանալ իրավապահ մարմիններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG