Մատչելիության հղումներ

Խորհրդարանականները տարակարծիք են ակնկալվող համաներման վերաբերյալ


Նախագահ Սերժ Սարգսյանը անցան ամիս կոչ էր արել քաղաքական ու հասարակական կազմակերպություններին առաջարկություններ ներկայացնել համաներման վերաբերյալ, ինչին արդեն արձագանքել են մի շարք կազմակերպություններ: Ազգային ժողովի պատգամավորները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում տարբեր կարծիքներ են հնչեցնում ակնկալվող համաներման վերաբերյալ:

Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, Ազգային ժողովի փոխնախագահ (ՀՀԿ) Սամվել Նիկոյանն ասաց, որ համաներումը, իր պատկերացմամբ, «կոնկրետ իրադարձությունների մատնանշումով չի լինելու», այլ «վերաբերելու է կոնկրետ հոդվածների»:

Հարցին, թե ինչո՞ւ է իշխանությունը հիմա դիմում համաներմանը միտված քայլերի, ՀՀԿ-ի փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը պատասխանեց. - «Հանրապետական կուսակցությունը կոալիցիոն անդամների հետ միասին հաղթել են Ազգային ժողովի, նախագահական ընտրություններում, հաղթել են քաղաքապետարանի տեղական ընտրություններում: Համաներումը հենց նրա համար է, որ ժամանակ առ ժամանակ այն իշխանությունը, որը ինքն իրեն վստահ է զգում, պարտավոր է հասարակության վերաբերմունք ցույց տալ»:

Ազգային ժողովի նախկին խոսնակ, այժմ անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը, սակայն, բոլորովին այլ կերպ է մտածում. - «Ուղղակի վիրավորական կարող է լինել երկրում որեւէ կարեւոր որոշման ընդունումը կապել ավագանու ընտրություններից առաջ, հետո, քաղաքական լարվածություն թուլացնել եւ այլն… Այս ձեւակերպումները, չեմ կարծում, որ որեւէ կապ պիտի ունենան համաներման հետ»:

Թորոսյանը անընդունելի համարեց նաեւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստում Հայաստանի վերաբերյալ քննարմանն ընդառաջ համաներում հայտարարելը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը այս կապակցությամբ ասաց. - «Ես չեմ ցանկանում որեւէ անմիջական կապ տեսնել, թե դա կհամընկնի ԵԽԽՎ-ի նստաշրջանի նախօրեին կամ կլինի նախօրեից հետո»:

Հարցին, թե համաներումը ինչ դերակատարություն կունենա ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցի քննարկման ժամանակ, Ռազմիկ Զոհրաբյանը արձագանքեց. - «Շատ դրական, որովհետեւ դա բխում է նաեւ ժողովրդավարության սկզբունքներից… Մենք գնում ենք դեպի բարեփոխումներ, դեպի մարդու իրավունքների հարգում, եւ համաներումը դրանցից մեկն է»:

Նախագահի վերջին ընտրություններին հաջորդած ընդդիմադիրների նկատմամբ դատավարությունները, ըստ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի, ցույց տվեցին, թե Հայաստանը որքանով է հարգում մարդու իրավունքները. - «Արդար դատաքննություն՝ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համատեքստում, Հայաստանում տեղի չունեցավ: Ազգային դատարանները, ընդհակառակը, հաշվեհարդար էին իրականացնում այս քաղաքացիների նկատմամբ, ովքեր ունեին այլ կարծիքներ, այլախոհ էին: Այս զգշացումս ես նաեւ հայտնել եմ Հովիկ Աբրահամյանին: Զգուշացնում եմ նաեւ Սերժ Սարգսյանին, որ համաներումը այս 50 անձի վրա պարտադիր պետք է տարածվի»:

Երեկ Հանրային խորհրդի անդամ Սոս Սարգսյանը «հանցագործ» որակումն օգտագործեց հետընտրական շրջանում ազատազրկված ընդդիմադիրների վերաբերյալ: Տիգրան Թորոսյանի բնութագրմամբ՝ համաներում հայտարարելու կապակցությամբ Սահմանադրությամբ համապատասխան լիազորություններ չունեցողների հետ քննարկումներն անտեղի են. - «Համատարած քննարկումները հիշեցնում են խորհրդային ժամանակները»:

Հայ հեղափոխական դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի խոսքով, մինչդեռ, համաներումը «պետք է թուլացնի քաղաքական լարվածությունը». - «Համաներումը թեեւ իրավական ակտ է, բայց անպայման ունի նաեւ քաղաքական ենթատեքստ: Թե դա ինչպես կարտահայտվի, ես հիմա չգիտեմ»:

Հարցին, թե ինչու է Սերժ Սարգսյանը համաներում հայտարարելու կապակցությամբ դիմում հասարակական կազմակերպություններին, Ռազմիկ Զոհրաբյանը արձագանքեց. - «Նախագահ Սերժ Սարգսյանը հենց ինքը ժողովրդավար է, դրա համար էլ դիմում է ժողովրդին»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի համոզմամբ, համաներումը պետք է անպայման տարածվի նախագահական վերջին ընտրությունների կապակցությամբ ազատազրկված բոլոր անձանց վրա:

«Ես կարծում եմ, որ սա [համաներման հարցով հասարակությանը դիմելը] իր [նախագահ Սարգսյանի] կողմից դերասանություն է: Որեւիցե մի նախագահ կարիքը չունի նման ինչ-որ Հանրային խորհրդի կարծիքի», - ասաց Փոստանջյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG