Մատչելիության հղումներ

Աշոտ Մելիքյան. «Ընտրությունները փորձություններ են լրատվամիջոցների համար»


Հայաստան – Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետների մամուլի ասուլիսը, Երեւան, 2-ը հունիսի, 2009 թ.
Հայաստան – Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետների մամուլի ասուլիսը, Երեւան, 2-ը հունիսի, 2009 թ.

«Ընտրությունները փորձություններ են լրատվամիջոցների համար, բայց ցավոք դրանք հաճախ վերածվում են փորձանքի», - այսօր հրավիրած ասուլիսում կարծիք հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ Կոմիտեն թեժ գծով իր ստացած ահազանգերի եւ ճշտած տեղեկությունների համաձայն` Երեւանու ավագանու ընտրությունների օրը` մայիսի 31-ին, արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության եւ մասնագիտական աշխատանքի խոչընդոտման 5 դեպք։

Աշոտ Մելիքյանը անդրադարձավ դրանցից մեկին։ Ժամը 15-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքի 8/01 ընտրատեղամասում բռնություն է իրականացվել «Հայկական ժամանակ» օրաթերթի արտահաստիքային թղթակից Արթուր Հովակիմյանի նկատմամբ, երբ նա փորձել է նկարել լցոնման գործընթացը։

«Մենք տեսանք, թե ինչպես մի խումբ սափրագլուխներ շրջապատեցին «Հայկական ժամանակ» օրաթերթի արտահաստիքային թղթակցին եւ, պոկելով իր վրայից վկայականը, ձեռքից խլելով խցիկը, ասում էին՝ ի՞նչ ես անում, ո՞վ է քեզ թույլ տվել այստեղ նկարել: Իսկ լրագրողը փորձում էր նկարել լցոնման պրոցեսը», - ասաց Մելիքյանը՝ հավելելով, թե քանի դեռ Հայաստանում այս տիպի մարդիկ են վերահսկում իրավիճակը, դժվար թե մեր երկրում ազատ մամուլ, խոսքի ազատություն եւ ժողովրդավարություն լինի եւ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներ ստեղծվեն։

Կոմիտեի փորձագետները նաեւ նկատեցին, որ արձանագրված 5 փաստերից 4-ը վերաբերում են կին լրագրողներին։

«Այս անգամ ավելի շատ այդ սափրագլուխները ծեծել են կանանց եւ աղջիկներին: Դա արդեն խոսում է դաստիարակության եւ տիրող բարքերի մասին», - ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
XS
SM
MD
LG