Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը ձգտում է, որ հատուկ զեկուցող լինի «քաղբանտարկյալների հարցերով»


Ընդդիմադիր Հայ Ազգային կոնգրեսը քայլեր է ձեռնարկելու քաղբանտարկյալների հարցերով ԵԽԽՎ-ում հատուկ զեկուցող ունենալու ուղղությամբ:

Եվրախորհրդում Հայ ազգային կոնգրեսի ոչ պաշտոնական ներկայացուցիչ Արման Գրիգորյանի փոխանցմամբ, հատուկ զեկուցողը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչն է լինելու։

«Ազատություն» ռադիոկայանին Ստրասբուրգից հեռախոսով տված հարցազրույցում Արման Գրիգորյանն ասաց - «Հիմա մենք ուսումնասիրում ենք այդ հնարավորությունը: Դա այնքան էլ հեշտ չէ, որովհետեւ որոշ կանոնակարգային խնդիրներ կան, եւ նման որոշում կայացնելու համար որոշակի կանոնակարգով պիտի անցնենք: Ավելին չեմ կարող ասել, բայց դա ալտերնատիվ մի մեթոդ է ԵԽԽՎ-ում նորից քաղբանտարկյալների հարցի կարեւորությունը շեշտելու համար»:

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Ստրասբուրգում մեկնարկած Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանի օրակարգում Հայաստանի պարտավորությունների կատամանն առնչվող հարցն ընդգրկված չէր։ Այն քննարկվել է միայն Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում։

Երեկ երեկոյան Արման Գրիգորյանը Ստրասբուրգում հանդիպել է Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի հետ։

Թե ինչու Հայաստանի հարցը լիագումար նստաշրջանի օրակարգում չի ընդգրկվել, համազեկուցողները պարզաբանել են. - «Որոշակի բանակցություններ են ընթանում համազեկուցողների եւ Հայաստանի իշխանությունների միջեւ, որոշակի կոնսուլտացիաներ են տեղի ունենում: 225 եւ 300 հոդվածների փոփոխություններից հետո տեղի ունեցող որոշ գործընթացների հետ է դա կապված: Եվ իրենք փաստորեն ստիպված են սպասել մինչեւ այդ գործընթացները ավարտին կհասնեն»:

Այդուամենայնիվ, համազեկուցողները Արման Գրիոգորյանին փոխանցել են, որ հարցը նորից քննարկվի հունիսի 5-ին կայանալիք Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում:

«Պրեսկոտն ասաց, որ Մոնիտորինգի հանձնաժողովին զեկույց է ներկայացվելու կատարված աշխատանքների եւ տեղաշարժերի վերաբերյալ եւ զեկույցի հիման վրա նրանք կանեն առաջարկներ», - հավելեց Գրիգորյանը:

Եվ հենց այդ նիստի ընթացքում էլ, թերեւս, կորոշվի՝ ընդգրկել, թե չընդգրկել հարցը հունիսի վերջին կայանալիք լիագումար նստաշրջանի օրակարգում։

Թեեւ, ըստ Արման Գրիգորյանի, «արդեն նախնական որոշում կա, որ Հայաստանի հարցը պետք է քննարկվի լիագումար նիստում»:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նորանշանակ անդամ Զարուհի Փոստանջյանը «Ազատություն» ռադիոկայանին Ստրասբուրգից հեռախոսով փոխանցեց, որ ապրիլի 27-ին կայացած Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում Հայաստանին առնչվող հարցի քննարկումը սահմանվածից ավելի կարճ տեւողությամբ է ընթացել՝ ընդամենը 15 րոպե։ Նախ, կատարված աշխատանքները ներկայացրել է պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, ապա մոտ հինգ րոպե ելույթի իրավունք է տրվել Զարուհի Փոստանջյանին։

Դավիթ Հարությունյանի ելույթից, ըստ տիկին Փոստանջյանի, ենթադրվում էր, որ առաջընթաց կա:

«Բայց ես, իհարկե, այլ կարծիք հայտնեցի», - ասաց նա՝ շարունակելով, որ ասել է, թե չնայած Քրեական օրենգրքի համապատասխան հոդվածները փոփոխվել են, ավելին՝ երկու հոդվածներով 7 ընդդիմադիր գործիչներին առաջադրված մեղադրանքներն ընդհանրապես հանվել են, այդուամենյանիվ, նրանք մնում են անազատության մեջ:

«Եվ նրանց նոր մեղադրանքներ են առաջադրվել: Ասացի, որ արդար դատաքննություն տասը զոհերի վերաբերյալ նույնպես տեղի չի ունենում, որ զոհերի մահվան հանգամանքները դեռեւս բացահայտված չեն, որ պատասխանատվության չեն ենթարկվել հատուկ միջոցներ կիրառած ոստիկանները», - փոխանցեց Փոստանջյանը՝ հավելելով. - «Ինձ հակարդարձեց պարոն Պրեսկոտը, եւ ասաց՝ մենք տեղյակ ենք այլ կարծիքների վերաբերյալ էլ, մենք դեռ քննարկման փուլում ենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG