Մատչելիության հղումներ

Կոալիցիայի կուսակցությունները արձագանքում են Դաշնակցության հայտարարությանը


Հայաստանի գործող քաղաքական կոալիցիայի անդամները` Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները, այսօր տարածած համատեղ հայտարարությամբ արձագանքել են կոալիցիայից դուրս տալու մասին Դաշնակցության որոշմանը:

«Արձանագրելով Հայաստանում նոր քաղաքական իրավիճակ, հավատարիմ մնալով 2008 թվականի մարտի 21-ին ստորագրված կոալիցիոն համաձայնագրի սկզբունքներին եւ հաստատելով վճռականությունը դրանց իրականացման հարցում», երեք կուսակցությունները հայտարարում են. - «Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը իրականացվել եւ իրականացվելու է մեր պետության ազգային շահերին համապատասխան։ Այս համատեքստում մենք կարեւորում ենք տարածաշրջանային խաղաղությունը, կայունությունը եւ զարգացումը»։

Կոալիցիայի կուսակցությունները ողջունում են նախագահ Սերժ Սարգսյանի քայլերը, որոնք, համաձայն հայտարարության, «ուղղված են հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանն առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում»։

«Մեկ անգամ եւս ընդգծում ենք Հայաստանի իշխանությունների համոզմունքն այն մասին, որ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ` չի նշանակում մոռանալ Հայոց ցեղասպանության փաստը կամ դրա միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացի կարեւորությունը», - ասված է հայտարարությունում, որը տարածել է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը: - «Սատարելով ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը պետք է իրականացվի միջազգային իրավունքի նորմերին համապատասխան` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»։

Երեք կուսակցությունները դրական են գնահատում համատեղ աշխատանքը Դաշնակցության հետ: «Կարեւորելով բազմակարծությունն իբրեւ արժեք` մենք հարգանքով ենք վերաբերում Հայ Հեղափոխական Դաշնակցության դիրքորոշումներին», - հայտարարում են կոալիցիոն կուսակցությունները` կարծիք հայտնելով, որ «հետայսու եւս հնարավոր կլինի համաձայնեցված մոտեցումներ ունենալ եւ համագործակցել մեր ազգային ու պետական շահերին վերաբերող հարցերի լայն շրջանակում»։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Դաշնակցության քայլը «կթուլացնի» կոալիցիան. - «Ո՞նց կարող է Դաշնակցության դուրս գալով չթուլանա կոալիցիան: Ո՞նց կարող ենք մենք թերագնահատել Դաշնակցությանը»:

Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, մինչդեռ, չի կարծում, թե Դաշնակցության դուրս գալը թուլացնում է կոալիցիան. - «Նրանք սկզբունքային հավատքով են դուրս եկել եւ սկզբունքային էլ գործելու են»:

Դաշնակցությունը կոալիցիայում իր մասնակցությունը դադարեցնելու որոշումը պատճառաբանել է Հայաստան – Թուրքիա բանակցություններում արծարծվող որոշ դրույթների վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումների հարցում սկզբունքային տարաձայնություններով: Մինչդեռ, «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը շաբաթ օրը հայտարարել էր. - «Որ տեղեկացված են եղել ողջ գործընթացից, դա փաստ է, որովհետեւ ես ինքս ներկա եմ եղել կոալիցիա վերջին նիստին, որը տեղի է ունեցել 10 օր առաջ, եւ քննարկվել է հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը»:

Հայ ազգային կոնգրեսից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ դեռ չկա մեկնաբանություն Դաշնակցության՝ ընդդիմադիր դաշտ տեղափոխվելու կապակցությամբ:

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր ու կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե «ուշացած, բայց սկզբունքային որոշում է կայացրել Դաշնացությունը»՝ չբացառելով ՀՅԴ-ի հետ համագործակցությունը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, մինչդեռ, համարում է, որ հայ-թուրքական սահմանի բացման առումով «ազգովի պետք է որոշում կայացնենք». - «Եթե այսքան տարիներ ճանապարհը փակ է եղել, եւ առանց նախապայմանի հնարավոր է, որ ճանապարհը բացվի, մենք պետք է համաձայնենք»:

«Բայց ես իմ կարծիքն եմ ասում՝ որ սա խաղ է, եւ ճանապարհը Թուրքիան չի բացելո», - եզրափակեց Գագիկ Ծառուկյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG