Մատչելիության հղումներ

Հայ-թուրքական հարցում առաջընթաց է արձանագրվել


Հայաստանի արտգործնախարար էդվարդ Նալբանդյանի խոսքով, Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում առաջընթաց է արձանագրում, սակայն դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ փաստաթղթի ստորագրման մտադրություն կողմերը այսօր չունեն:

«Որեւէ մտադրություն չկա այսօր ստորագրելու որեւէ փաստաթուղթ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ», - ասաց Նալբանդյանը Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների նիստի ավարտին հրավիրված ասուլիսում: - «Բանակցությունները շարունակվում են: Մենք առաջընթաց ենք արձանագրել, եւ գտնում ենք, որ կարող ենք մենք իսկապես շատ մոտ լինել եւ լուծել այդ հարցերը մոտ ապագայում»:

Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցեց նաեւ Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը։ Նա Երեւանում ընդհանրապես չխոսեց հայ - թուրքական հարաբերությունների վերաբերյալ եւ հրաժարվեց մեկնաբանություններով հանդես գալ։ Փոխարենը Հայաստան մեկնելուց առաջ նա հարցազրույց է տվել CNN-Turk հեռուստաընկրերությանը։ «Մենք ձգտում ենք համակողմանի լուծման եւ հարաբերությունների լիակատար կարգավորման», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը` հավելելով, թե դեպի լուծումը տանող ուղին պետք է միանշանակ ընթանա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններին զուգահեռ։

Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների նիստի շրջանակներում կայացավ Ալի Բաբաջանի առանձնազրույցը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որին հաջորդեց Լավրովի եւ Բաբաջանի հանդիպումը Ադրբեջանի պատվիրակության ղեկավար, փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիեւի հետ` եռակողմ ձեւաչափով։ Այնուհետեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարները զրույցը շարունակեցին առանց Սերգեյ Լավրովի։

Պաշտոնական Մոսկվայի` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հնարավոր կարգավորման վերաբերյալ` «Ազատություն» ռադիոկայանի հարցին` Ռուսաստանի արտգործնախարարը արձագանքեց. - «Դա նախեւառաջ Հայաստանի եւ Թուրքիայի գործն է։ Մենք ողջունում ենք ցանկացած քայլ, որ տանում է տարածաշրջանի երկրների միջեւ հարաբերությունների նորմալացմանը։ Դրանից ենք ելնելու, եւ հաջողություն ենք մաղթում այս գործում»։

Իր հերթին, Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդկուլիեւը ամփոփիչ ասուլիսում հայտարարեց, թե «հայ-թուրքական հարաբերությունները այդ երկու երկրների գործն է, եւ Ադրբեջանը չի միջամտում երկու երկրների ներքին գործերին, ուղղակի ուշադիր հետեւում է գործընթացին»:

«Մեր դիրքորոշումը հետեւյալն է. Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ կապերի վերականգնումը կարող է կապված լինել միայն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առկա հակամարտության լուծման հետ։ Գիտեք, որ այդ կապերը ժամանակին խզվել են հիմնականում ադրբեջանական հողերի օկուպացիայի պատճառով։ Ուստի մենք համարում ենք, որ հայ-թուրքական կապերի վերականգնումը պետք է կապված լինի հակամարտության լուծման հետ», - հավելեց ադրբեջանցի բարձրաստիճան դիվանագետը։

Ադրբեջանի եւ Հայաստանի դիրքորոշումները տարբեր են նաե ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հարցում Թուրքիայի` որպես միջնորդ հանդես գալու պատրաստակամության վերաբերյալ։

Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամադգուլիեւի խոսքով, Թուրքիան հանդիսանում է Մինսկի խմբի անդամ, բացի այդ, Թուրքիան տարածաշրջանի «ամենալուրջ պետություններից մեկն է եւ նրա առաջարկները կարելի է քննարկել». - «Եթե կան հակամարտությունը կարգավորելուն ուղղված իրական առաջարկներ, մենք պատրաստ ենք դրանք քննարկել, որովհետեւ համարում ենք, որ հակամարտության շարունակությունը որեւէ կողմին առավելություն չի տալիս, եւ հակամարտության լուծումն այլընտրանք չունի, խնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»:

Էդվարդ Նալբանդյանը, իր հերթին, վերահաստատեց պաշտոնական Երեւանի դիրքորոշումը, այն է` բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթանում են Մինսկի խմբի շրջանակներում եւ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ:

«Դա է ձեւաչափը բանակցությունների, այլ ձեւաչափ գոյություն չունի: Չեմ կարծում, որ այստեղ կարող է կասկած լինել այն հայտարարություններին, որոնք արվել էին նախապես, որ Թուրքիան միջնորդ դեր չի կատարում Ղարաբաղի կարգավորման գործընթացում: Եվ այդպիսի հայտարարություն արվել էր նաեւ Թուրքիայում», - հավելեց Հայաստանի արտգործնախարարը:

Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարաների միջեւ առանձնազրույց այսօր տեղի չի ունեցել։

ՍԾՏՀ պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։


Սերժ Սարգսյանն ասել է, որ «Հայաստանի մշտական ցանկությունն է նորմալ հարաբերություններ ունենալ հարեւանների հետ, եւ ինքն այն կարծիքին է, որ ցանկացած, այդ թվում` ամենադժվարին հարցերը կարելի է կարգավորել խաղաղ ճանապարհով, քննարկումների ու բանակցությունների միջոցով` ի շահ պետությունների ու ժողովուրդների»։

Ավելի ուշ Սերժ Սարգսյանը ընդունել է Ալի Բաբաջանին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ, որին մասնակցել են նաեւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Էրթուղրուլ Ապականը, «քննարկվել են հայ - թուրքական հարաբերությունների կարտավորմանը վերաբերող հարցեր»:

Նախագահի նստավայրում ընդունելության ավարտին Թուրքիայի արտգործնախարարը մեկնել է Երեւանից:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG