Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը կրկին բարձրացնում է կալանավորված պատգամավորների հարցը


Armenian Parliament
Armenian Parliament

Խորհրդարանի այսօրվա նիստում ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները կրկին բարձրաձայնեցին Ազգային ժողովի` անցած տարի ընդունած որոշմամբ 4 պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու որոշումը վերանայելու հարցը։

«7-ի գործով» մեղադրվող եւ ներկայումս անազատության մեջ գտնվող Ազգային ժողովի պատգամավորներ Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը եւ Մյասնիկ Մալխասյանը անցած ամիս դիմում էին ներկայացրել` պահանջելով խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրել եւ վերանայել Ազգային ժողովի 2008 թվականի մարտի 4-ի որոշումը իրենց պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ։ Այդ որոշմամբ անձեռնմխելիությունից զրկվել էր նաեւ Խաչատուր Սուքիասյանը, ով ներկայումս հետախուզման մեջ է։

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորները հարց ուղղեցին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին, թե ինչու հարցը չի օրակարգ մտել։

«Տեսնելով, որ մեր ընդունած որոշման հիմքը այլեւս գոյություն չունի, ինչո՞ւ չենք ուզում անդրադառնալ», - ասաց ընդդիմադիր խմբակցության պատգամավորներից Լարիսա Ալավերդյանը։

«Օրենքները փոխվել են. ուժը կորցրած է համարվել 225 հոդվածի 3-րդ մասը, 300 հոդվածը ամբողջովին ենթարկվել է փոփոխության», - ասաց Զարուհի Փոստանջյանը` շարունակելով. - «Հետեւաբար, այն որոշումը, որ ընդունվեց մեկ տարի առաջ, որով անձեռնմխելիությունից զրկվեցին մեր գործընկերները, այլեւս պետք է գոյություն չունենա, եւ Ազգային ժողովը իրավասու է ընդունել որոշում, որով կարող է ուժը կորցրած ճանաչել իր նախկին որոշումը»։

Ի պատասխան պատգամավորների բոլոր հարցադրումներին, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը արձագանքեց, թե խորհրդարանը քայլը կատարել է` փոփոխել է Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածները։

«Այսօր դատական պրոցես է գնում, եւ մենք այլեւ միջամտելու, իմ կարծիքով, ցանկություն եւ օրենքի թույլտվություն չունենք։ Դա դատական մարմինների գործն է։ Ես առաջարկում եմ եւ հորդորում եմ իմ գործընկեր պատգամավորներին, որպեսզի մենք դատական պրոցեսի ավարտից հետո փորձենք նախագահին առաջարկել այդ համաներման խնդիրը», - ասաց Ազգային ժողովի նախագահը։

Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը, ում պաշտոնավարման օրոք է խորհրդարանը բավարարել պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին գլխավոր դատախազի միջնորդությունը, այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Իմ կարծիքով, Ազգային ժողովը ազատ է ցանկացած օրենք կամ որոշում ընդունելու, որը չի հակասում երկրի Սահմանադրությանը»։

Հարցին, թե կարող է Ազգային ժողովը չեղյալ համարել նախկին որոշումը, Թորոսյանը արձագանքեց. - «Կարծում եմ, Ազգային ժողովը միշտ էլ կարող է իր ցանկացած որոշում չեղյալ համարել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG