Մատչելիության հղումներ

Վճռաբեկ դատարանը անփոփոխ թողեց Փերինչեքի դատավճիռը


Շվեյցարական Վո կանտոնի վճռաբեկ դատարանը երեկ անփոփոխ է թողել Հայոց ցեղասպանության ուրացման համար Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի նկատմամբ Լոզանի դատարանի կայացրած դատավճիռը:

Փերինչեքին, ով 2005 թվականին Շվեյցարիայում ժխտել էր Հայոց ցեղասպանության փաստը, Լոզանի դատարանը այս տարվա մարտին դատապարտել էր մոտ 2,5 հազար դոլար տուգանքի, ինչպես նաեւ 90-օրյա պայմանական ազատազրկման կամ դրան համարժեք տույժի` 7 հազար դոլարի չափով: Դատարանը թուրք ազգայնականին պարտադրել էր նաեւ 820 դոլար վճարել հայկական մի կազմակերպության:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության վկայությամբ, Դողու Փերինչեքի փաստաբան Լորան Մորեյոնը հայտնել է, որ իր պաշտպանյալը մտադիր է դիմել Շվեյցարիայի գերագույն դատական ատյան` Դաշնային տրիբունալ:

Փերինչեքի գործը առաջին դեպքն էր, երբ 1995 թվականին Շվեյցարիայում ուժի մեջ մտած հակառասիստական օրենքը կիրառվեց Հայոց ցեղասպանության առնչությամբ:

Այս գործը Թուրքիայի եւ Շվեյցարիայի միջեւ դիվանագիտական լարվածության պատճառ է դարձել: Թուրքական կողմը այն անվանել է «անհարկի, անհիմն եւ բոլոր հանգամանքներում վիճարկելի»:

2001 թվականին Բեռնի դատարանը արդարացրել էր նույն մեղադրանքով դատարանի առջեւ կանգնած 12 թուրքերի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG