Մատչելիության հղումներ

«Աբխազիայով տարանցիկ երկաթուղու վերականգնումը կարժենա 100 միլիոն դոլարից ոչ պակաս»


«Աբխազիայով տարանցիկ երկաթուղու վերականգնման նախագիծը կարժենա 100 միլիոն դոլարից ոչ պակաս: Իսկ եթե մտածենք նաեւ վերականգնել Ինգուրի գետի երկաթուղային կամուրջը՝ նախագծի արժեքը ավելին կլինի», - չորեքշաբթի օրը Թբիլիսիում հայտարարել է «Ռուսաստանի երկաթուղի» պետական ընկերության տնօրեն Գենադի Ֆադեեւը:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, ԱՊՀ եւ բալթյան երկրների Երկաթուղիների խորհրդի 41-րդ նիստում Ռուսաստանը ներկայացնող Ֆադեւեւը նշել է, թե նախագծի ֆինանսավորմանը պետք է մասնակցեն բոլոր շահագրգիր կողմերը, այդ թվում՝ Հայաստանը եւ Ադրբեջանը:

«Բոլորիս համար ձեռնտու է տրանսպորտային այս միջանցքի բացումը, դրանով տարածաշրջանում տնտեսական զարգացման պայմաններ կստեղծվեն», - նշել է Ֆադեւեւը:

Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին՝ ընդունելով հարցի կարեւորությունը, նշել է, թե «երկաթուղու վերաբացման խնդիրը կապված է այլ խնդիրների լուծման հետ, որոնց վրա պնդում է Վրաստանը»:

«Թբիլիսիում Ռուսաստանի վարչապետի հետ մենք քննարկել ենք այդ խնդիրը եւ որոշել, որ աշխատանքները պետք է շարունակվեն», - ասել է Նողաիդելին՝ ավելացնելով, թե «երկաթուղու վերաբացման հետ կապված գլխավոր խնդիրը աբխազական հակամարտության գոտում անվտանգության ապահովումն է»:

Իսկ «Ռեգնում» գործակալությունը հաղորդում է, թե Մոսկվայում չորեքշաբթի օրը աբխազական երկաթուղու վերաբացման վերաբերյալ կայացել են վրաց-աբխազական կոնսուլտացիաներ: Դրանց մասնակցող Աբխազիայի փոխվարչապետ Լեոնիդ Լակերբայան հայտնել է, թե հուլիսի 1-ից սկսելու է գործել համատեղ փորձագիտական խումբը, որն ուսումնասիրելու է երկաթուղու ներկա վիճակի եւ դրա անվտանգության ապահովման հարցերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG