Մատչելիության հղումներ

44-օրյայի հանգամանքների վերաբերյալ զեկույցը կհրապարակվի սեպտեմբերի 27-ին հաջորդող ԱԺ լիագումար նիստում․ Քոչարյան


Խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան, արխիվ
Խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան, արխիվ

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն իր հատուկ զեկույցը կհրապարակի այս տարվա սեպտեմբերի 27-ին հետևող Ազգային ժողովի լիագումար նիստի առաջին կամ երկրորդ օրը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Աշնանային նստաշրջանը երբ որ կսկսվի, սեպտեմբերի 27-ը քանի որ շաբաթ օր է, իսկ ամսի 30-ին կսկսվի լիագումար նիստը, կա՛մ 30-ին, կա՛մ դրա հաջորդող օրը լիագումար նիստում Ազգային ժողովի նախագահը կներառի հարցը խորհրդի նիստում և օրը վերջնական կորոշվի։ Ես կարծում եմ, որ շատ կարևոր է, որ հենց այդ օրը ներկայացվի՝ լիագումար նիստի ընթացքում», - ասաց Քոչարյանը՝ նշելով՝ սա այն փաստաթուղթն է, որը շատ սպասված է, որի ուղղությամբ կատարված է մեծ ծավալի աշխատանք և այդ աշխատանքը պետք է անհետևանք չմնա։

Քոչարյանը չբացառեց, որ զեկույցը ներկայացվի փակ դռների հետևում։

«Կարծում եմ զեկույցը կլինի գաղտնի բաժնում։ Գաղտնիության ծավալն այնքան մեծ է, որ համոզված եմ՝ նիստը կլինի փակ, բայց զեկույցը հասանելի կլինի պատկան մարմիններին, պետական ինստիտուտներին, որպեսզի ամեն մեկը զեկույցից բխող եզրակացությունների հետ կապված գան եզրահանգումների», - ասաց Քոչարյանը։

Դեռ անցած տարի Քոչարյանն ասել էր, որ 44-օրյա պատերազմի հանձնաժողովի զեկույցը կներկայացվի հոկտեմբերին, փակ նիստում՝ հաշվի առնելով զեկույցում առկա գաղտնի տեղեկատվությունը։ Քոչարյանը նաև տեղեկացրել էր, թե զեկույցին հետևելու են քրեական գործեր: «Դրանք հազարներ են, այո՛, հազարավոր գործեր», - ասել էր հանձնաժողովի նախագահը։

Հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանն էլ ասել էր, որ պետք է փորձեն այնպես անել, որ զեկույցի այն կարևորագույն հատվածները, որոնք պետական գաղտնիք չեն պարունակում ու անվտանգային ռիսկեր էլ չեն պարունակում Հայաստանի համար, այդ հատվածներն առնվազն հանրությանը հասանելի լինեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG