44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ զեկույցը խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ չի մտնի: Ավելի քան երեք տարվա ուսումնասիրություններից հետո քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը փաստաթուղթը խորհրդարանի ամբիոնից ներկայացնելու հնարավորություն չի ունենա: Ազգային ժողովի նախագահի խոսքով՝ զեկույցը լիագումարի օրակարգ ներառելու իրավական հիմք չկա:
«Էն դեպքերում, երբ որ մեկնաբանության խնդիր կա, դիմում ենք համապատասխան մարմիններին, որոնք այդ ձևակերպումը մեկնաբանում են, այսինքն՝ արդյո՞ք էս նախադասությունը պետք է սենց մեկնաբանե՞լ, թե՞ սենց չպետք է մեկնաբանել: Այդ գործողությունները բոլորը իմ կողմից արված են, բոլոր պատասխանները ես ունեմ՝ ես ունեմ պատասխան Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի կողմից, ես ունեմ պատասխան Ազգային ժողովի իրավաբական վարչությունից, և ես ունեմ իմ իրավաբանական կրթությունը, և ես ունեմ նաև պարոն Սողոմոնյանի՝ մեր քարտուղարության ղեկավարի մեկնաբանությունը, որոնք բոլորը իդենտիկ են՝ որ լիագումար նիստեր մտցնելու իրավական հիմք չկա», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ալեն Սիմոնյանը:
ԱԺ Կանոնակարգ օրենքով՝ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մինչև վեց ամիս է՝ երկու անգամ ևս վեց ամսով երկարաձգելու հնարավորությամբ: Հանձնաժողովի լիազորությունների առավելագույն ժամկետն, ըստ օրենքի, մեկ տարի ութ ամիս է: Եթե մինչ այդ զեկույց չի ներկայացվում, հանձնաժողովի լիազորությունները համարվում են ավարտված: Հենց այս կարգավորմանն են հղում արել Ազգային ժողովի աշխատակազմից և նշել՝ հանձնաժողովի ժամկետն ավարտվել է 2023-ի նոյեմբերին:
«Երկուսուկես տարուց ավելի է անցել: Էդ ժամկետը՝ էդ հանձնաժողովի, չի տրվում մի ... հարցը խախտելը չի, է, հարցը էն է, որ իրոք գործը էնքան ծավալուն է եղել, որ դա երկար ժամկետ է իրենից վերցրել, և պարոն Քոչարյանին ես ոչ մի բանի մեջ էս առումով չեմ մեղադրում», - նշեց Սիմոնյանը:
Ազգային ժողովի նախագահի այս որոշումից վրդովված է քննիչ հանձնաժողովի նախագահը: Անդրանիկ Քոչարյանը երեկ Factor TV-ի տաղավարում պնդում էր, թե ինքը ժամկետ չի խախտել: Հղում էր անում ԱԺ Կանոնակարգ օրենքի մեկ այլ դրույթի, որով խորհրդարանի խոսնակը զեկույցը ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, պետք է այն քննարկման դնի Ազգային ժողովի հերթական նիստում:
«Նպատակը զեկույց ունենալն է, և էսօր խոսել, որ ժամկետ, ոչ ժամկետ, ինչ-որ լրատվամիջոց էս էլ երկրորդ հոդվածն է գրում՝ «ժամկետանց զեկույց»: Ժամկետանց ձեր ուղեղն է, զեկույցը չի կարա ժամկետանց լինի, որովհետև դա պետք է մեր երկրին», - հայտարարում էր քննիչ հանձնաժողովի նախագահը:
Անդրանիկ Քոչարյանի պնդմամբ՝ այդ զեկույցով կտրվեն պատասխաններ 44-օրյա պատերազմի պարտության պատճառների մասին: Եվ այն, ըստ Քոչարյանի, պետք է մտնի լիագումար նիստերի օրակարգ: Նրա մեկնաբանմամբ՝ զեկույցը Ազգային ժողովի նախագահին ինքը կարող էր ուղարկել մինչև այս խորհրդարանի գործունեության ավարտը. - «Սպասում եմ էն որոշմանը, որը հնարավորություն կտա՝ լիագումար նիստում ես ելույթ ունենամ, որը նաև Կանոնակարգ օրենքը 25, 26-րդ կետերի պահանջն է, որի մասին ես նաև տեղեկացրել եմ Ազգային ժողովի նախագահին»:
Խորհրդարանի խոսնակը, մինչդեռ, պնդում էր, թե Անդրանիկ Քոչարյանը նույնիսկ իր նշած ժամկետում ինչպես կարգն է չի փոխանցել զեկույցը Ազգային ժողովի նախագահությանը: Թե ինչ նկատի ուներ, չպարզաբանեց: Մեկաբանությունից հրաժարվեց նաև Անդրանիկ Քոչարյանը:
Չնայած սրան, Ալեն Սիմոնյանը վստահեցրեց՝ կքննարկեն զեկույցին այլ ձևաչափով անդրադառնալու որևէ տարբերակ:
«Եթե նույնիսկ դա մտներ լագումար նիստ, եթե մտներ, որը, կրկնում եմ, չէր կարող և չի կարող, բոլոր իրավաբանական ձևակերպումները դրա մասին են խոսում, չի կարող մտնել, միևնույն է՝ դա լինելու էր փակ ֆորմատով, և ես չեմ բացառում, որ կարող են լսումներ լինեն փակ ֆորմատով, որ կարող են ընդդիմադիր պատգամավորները, մեր պատգամավորները, օրինակ, գնալ գաղտնի բաժին, ծանոթանալ, ես չեմ բացառում», - ասաց ԱԺ նախագահը:
Հնարավո՞ր է Ալեն Սիմոնյանի և Անդրանիկ Քոչարյանի միջև լարվածություն կա, և զեկույցի ժամկետների շուրջ այս քննարկումները հենց այդ պատճառով են: Սիմոնյանն այսօր վստահեցրեց՝ Քոչարյանի հետ որևէ խնդիր չունի, հարցը բացառապես իրավական կարգավորումները տաբեր կերպ մեկնաբանելու մասին է. - «Չկա լարվածություն»:
Երեկվա հարցազրույցում, մինչդեռ, Քոչարյանն ակնարկում էր՝ եթե ի վերջո զեկույցը չմտնի լիագումարի օրակարգ, ուրեմն կասկածները, թե Սիմոնյանն անձնական շահագրգռվածությունից ելնելով է դա արել, կհաստատվեն. - «Առաջին իսկ խորհրդի նիստում պետք է որոշում կայացվի, եթե որոշումը չկայացվի, Ձեր բարձրացրած կասկածները կարող են լինել լեգիտիմ»:
44-օրյա պատերազմի վերաբերյալ հանձնաժողովը ստեղծվել էր իշխանության նախաձեռնությամբ և գործել առանց ընդդիմադիրների. նրանք ի սկզբանե բոյկոտել են՝ պնդելով, որ պատերազմի պարտության պատասխանատուները չեն կարող օբյեկտիվ քննություն անցկացնել: