44-օրյա պատերազմի առաջին պատճառը բանակցային գործընթացից խուսափելն էր և ընդհանրապես հրաժարվելը, երկրորդ հանգամանքն այն էր, որ բանակցողները ինչ-որ անհասկանալի տարբերակ առաջարկեցին, այս երկուսը բերեց նրան, որ բանակցային գործընթացը դադարեց, - այս մասին յութուբյան փոդքասթի ընթացքում հայտարարել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Տեղի ունեցան այնպիսի գործողություններ, որոնք հնարավորություն տվեցին Ադրբեջանին արդարացնելու իրենց ռազմական նախաձեռնությունը, պատերազմ սկսելու նախաձեռնությունը։ Ադրբեջանի և Թուրքիայի հետախուզությունները շատ լավ տիրապետում էին մեր բանակում տիրող իրավիճակին և տեսնում էին, որ մեր բանակի մարտունակությունը բավական ընկել էր։ Այս երեք պատճառներն էին, որ սկսվեցին ռազմական գործողությունները: Արդյոք դա անխուսափելի էր, միանշանակ՝ ոչ, անխուսափելի չէր, այդպիսի արդյունքը կանխատեսելի էր, թե՞ ոչ, ապա մինչև 2018 թվականը միանշանակ կանխատեսելի չէր, բայց ես արդեն18-ի երկրորդ կեսին, 19 թվականին մեր զինված ուժերում տեսնում էի խնդիրներ, 20-ին համոզվում էի ու ես հայտարարեցի, որ ռազմական գործողությունները շատ են մոտեցել»,- ասել է Սերժ Սարգսյանը: