Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Եվրամիությունից պահանջում է ստիպել Ուկրաինային վերսկսել ռուսական գազի տարանցումը, հակառակ դեպքում սպառնում է արգելափակել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների երկարաձգումը:
«Ես հանձնարարել եմ իմ գործընկերներին լինել հաստատակամ՝ ասել Բրյուսելին, որ ուկրաինացիները պետք է վերականգնեն գազի տարանցումը։ Սա ոչ միայն Հունգարիայի շահն է, այլև համաեվրոպական հարց է ՝ հատկապես Կենտրոնական Եվրոպայի համար», - Kossuth ռադիոընկերության եթերում ասել է Հունգարիայի առաջնորդը։
Օրբանը ևս մեկ անգամ շեշտել է՝ Բուդապեշտը դեմ է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներին, բայց «վետո չի դնում՝ Եվրոպայի միասնությունը չխաթարելու համար»:
Ռուսաստանը հունվարի 1-ից դադարեցրել է Ուկրաինայի տարածքով բնական գազի մատակարարումը Եվրոպա: Ըստ ռուսական «Գազպրոմ» ընկերության պարզաբանման՝ պատճառն այն է, որ Ուկրաինան բազմիցս հրաժարվել է թարմացնել 2019 թվականին կնքված պայմանագիրը, որի ժամկետը լրացել է 2024 թվականի դեկտեմբերի 31-ին: