Մատչելիության հղումներ

40 օր տևած շաթդաունը կարող է ավարտվել․ նոր օրինագիծ՝ ԱՄՆ Սենատում


Տևական բանակցություններից հետո ԱՄՆ ութ դեմոկրատ սենատորներ երեկ համաձայնել են հանրապետականների հետ և կողմ քվեարկել օրինագծին, որը կարող է վերջ դնել երկրի պատմության մեջ ամենաերկար՝ արդեն 40 օր տևող շաթդաունին, ինչի հետևանքով հարյուր հազարավոր ամերիկացիներ են տուժում:

Օրինագիծը նախատեսում է հաստատել կառավարության ֆինանսավորումը մինչև հունվարի 30-ը, դեկտեմբերին փոփոխել Ներկայացուցիչների պալատի ընդունած օրինագիծը և ներառել երեք տարվա հատկացումների օրինագծերի փաթեթ, երկարացնել սուբսիդիաները, որոնց շնորհիվ ցածր եկամուտ ունեցողները կարողանում են օգտվել մասնավոր ընկերությունների առողջապահական ապահովագրությունից, որոնց ժամկետը լրանում է տարեվերջին:

Գործարքով նաև կարգելվի մինչև հունվարի 30-ը աշխատանքից ազատել դաշնային աշխատակիցներին, իսկ նրանք, ովքեր տուժել են շաթդաունից, փոխհատուցում կստանան:

Երեկվա քվեարկությունը կառավարության գործունեությունը վերսկսելու ընթացակարգային առաջին քայլն է, և եթե Սենատը վերջնականապես ընդունի օրինագիծը, այն պետք է հաստատի նաև Ներկայացուցիչների պալատը նախքան նախագահի ստորագրությանը ներկայացվելը:

Կուսակցության ղեկավարությանը դեմ գնացած և օրինագծին կողմ քվեարկած դեմոկրատներից Անգուս Քինգն ասել է, որ եթե չհամաձայնեին, ապա վիճելի այս հարցերի շուրջ բանակցելու որևէ այլ հնարավորություն չկար. «Հիմա ավելի մոտ ենք «Բժշկական ծառայությունների մաչտելիության մասին» օրենքի հարկային արտոնությունների վրա աշխատելու հնարավորությանը, քան երեկ էինք: Այնպես որ, այսօրվա համաձայնությունը հաղթանակ է ամերիկացիների համար»:

Դեմոկրատ Սենատոր Թայմ Քեյնն ասել է, որ այս գործարքի շնորհիվ դաշնային աշխատողներն այժմ երաշխիք կունենան, որ հոկտեմբերի 1-ից չեն կրճատվի և դժվարին իրավիճակում չեն հայտնվի տոներին ընդառաջ:

«Սա մեծ հաղթանակ է երկու միլիոն դաշնային աշխատակիցների համար։ Եվ այլ գործոնների հետ միասին, ինչպիսիք են՝ բյուջետային հատկացումների օրինագծերը և երաշխիքը, որ կփոփոխենք «Բժշկական ծառայությունների մատչելիության» մասին օրենքը, ինձ ստիպեցին միանալ և ասել՝ այո, մենք կարող ենք դա անել», - հայտարարել է նա։


Ըստ Reuters-ի՝ երբ Սենատը երկուշաբթի վերսկսի աշխատանքները, հանրապետականները կփորձեն երկկուսակցական համաձայնության հասնել՝ շրջանցելու կանոնակարգը և արագ անցնելու քվեարկությանը։ Այլապես, օրինագծի վերջնական ընդունման համար կարող է ամբողջ շաբաթ անհրաժեշտ լինել:

ԱՄՆ նախագահն իր հերթին ասել է, թե կարծես մոտ են շաթդաունն ավարտելուն, սակայն կրկին սպառնացել է. «Երբեք չենք համաձայնի [...] որևէ գումար տրամադրել մեր երկիր մտնող իսկական բանտարկյալներին, անօրինական ներգաղթյալներին։ Եվ կարծում եմ՝ դեմոկրատները հասկանում են դա», - նշել է Դոնալդ Թրամփը։

Թրամփը նաև սոցցանցում քննադատել է սուբսիդիաները՝ ասելով, թե դրանք հավելյալ եկամուտ են ապահովելու ապահովագրական ընկերություններին և «աղետ» են ամերիկացիների համար: Նա պահանջել է, որ այդ միջոցներն ուղիղ փոխանցվեն անհատներին՝ ինքնուրույն ապահովագրություն գնելու համար։

Ֆինանսների նախարարն ասել է, որ շաթդաունի առաջին իսկ օրվանից նկատելի է տնտեսության վրա դրա ազդեցությունը: Սակայն, ըստ Սքոթ Բեսենթի, օրեցօր այն ավելի է սաստկանում։

«Վերջին երկու եռամսյակում նախագահ Թրամփի օրոք տնտեսական հրաշալի ցուցանիշներ ենք ունեցել, և այժմ կան գնահատականներ, որ այս եռամսյակի տնտեսական աճը կարող է կրճատվել կիսով չափ, եթե շաթդաունը շարունակվի», - ասել է նա:

Շադթաունի հետևանքով շաբաթներ շարունակ չեն վճարվում նաև օդային երթևեկության կարգավարները, արդյունքում բազմաթիվ չվերթներ են չեղարկվում կամ հետաձգվում: Օրինակ՝ կիրակի օրը չեղարկվել է ավելի քան 2800 և հետաձգվել ավելի քան 10 հազաև չվերթ, ինչը մեկ օրում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է շաթդաունի ընթացքում:

Տրանսպորտի նախարար Շոն Դաֆին հայտարարել է, որ եթե շաթդաունը շարունակվի, ապա մինչև Գոհաբանության տոնը չվերթներն էլ ավելի կնվազեն. «Տոնի մոտենալուն զուգահեռ կարծում եմ՝ տեղի կունենա հետևյալը. օդային ճանապարհորդությունները նվազագույնի կհասնեն [...] Կարծում եմ՝ օդային երթևեկության կարգավարներից քչերը կգան աշխատանքի։ Սա նշանակում է, որ կլինեն քիչ թռիչքներ»:

Axios-ի տվյալներով՝ շաթդաունի պատճառով ԱՄՆ-ն նաև դադարեցրել է զենքի վաճառքը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին և Ուկրաինային, քանզի մատակարարումները վերահսկող Պետդեպարտամենտի աշխատակիցները ուղարկվել են չվճարվող արձակուրդի:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG