Մատչելիության հղումներ

Օջալանը բացառիկ տեսաուղերձ է հրապարակել՝ քրդերին վերստին կոչ անելով վայր դնել զենքերը


Աբդուլա Օջալանը՝ շրջապատված PKK գործիչներով, հանդես է գալիս հեռուստաուղերձով
Աբդուլա Օջալանը՝ շրջապատված PKK գործիչներով, հանդես է գալիս հեռուստաուղերձով

Քրդերի առաջնորդ Աբդուլա Օջալանը բացառիկ տեսաուղերձում հետևորդներին վերստին կոչ է անում վայր դնել զենքերը։ Ցմահ բանտարկված Օջալանի պատմական հորդորը հնչում է քրդերի զինաթափման խորհրդանշական արարողությանն ընդառաջ՝ թերևս համոզելու դեռևս տատանվող զինյալներին։

Քրդամետ Medya Haber-ի YouTube ալիքով հեռարձակված 7-րոպեանոց տեսաուղերձում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլա Օջալանը հայտարարում է, թե խաղաղության նախաձեռնությունը հասել է մի փուլի, որը գործնական քայլեր է պահանջում. - «Պետք է բնական համարել այն, որ դուք հրապարակայնորեն կապահովեք համապատասխան խմբերի զինաթափումը՝ այն ձևով , որը կբավարարի թուրքական խորհրդարանի և դրա հանձնաժողովի ակնկալիքները, կփարատի հանրային կասկածները և կկատարի մեր պարտավորությունները»:

Oջալանը, որի գլխավորած ուժն իր առաջ նպատակ էր դրել հասնել անկախ Քուրդիստանին և զինված պայքար էր մղում թուրքական պետության դեմ, այսօր հայտարարում է՝ զենքի ուժին այլևս չի հավատում, նախապատվությունը տալիս է քաղաքականությանը. - «Ես հավատում եմ քաղաքականության և սոցիալական խաղաղության ուժին, այլ ոչ թե զենքի։ Եվ ես կոչ եմ անում կյանքի կոչել այդ սկզբունքը»։

1999 թվականից Ստամբուլի Իմրալի բանտային կղզում պահվող քուրդ առաջնորդն առաջին անգամ զինաթափման կոչով հանդես եկավ փետրվարին՝ իր առաջնորդած կուսակցությանը հանձնարարելով համագումար հրավիրել և պաշտոնապես ինքնալուծարվելու մասին որոշում ընդունել։ Այս հայտարարությունը հնչեց Թուրքիայի խոշորագույն քրդամետ քաղաքական ուժի և Էրդողանի վարչակազմի միջև երկարատև կուլիսային բանակցությունների ֆոնին:

Օջալանի կոչին Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը չառարկեց՝ իր հերթին հավաստիացնելով, որ կհրաժարվի զինված հակամարտությունից՝ այդպիսով վերջ դնելու տասնյակ հազարավոր կյանքեր խլած 40 տարի տևած ռազմական գործողություններին։

Քրդերի երկարամյա պատերազմի հետևանքով մեծաթիվ զոհերից բացի շուրջ 3 միլիոն մարդ էլ բռնի տեղահանվել կամ փախստական է դարձել, իսկ կուսակցությունն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի կողմից։

Քրդերի պատմական որոշման՝ զինաթափման գործընթացի մեկնարկը նախատեսված է այս շաբաթավերջին, մասնավորապես սպասվում է, որ կուսակցության զինյալների առաջին խումբը կիջնի լեռներից ու Հյուսիսային Իրաքի կիսաինքնավար քրդական շրջանում՝ Սուլեյմանիա քաղաքում կոչնչացնի զենքը՝ հասարակական կազմակերպությունների և հրավիրված դիտորդների ներկայությամբ։

Ինչպես Իրաքի, այնպես էլ Թուրքիայի, Սիրիայի, Իրանի մի շարք շրջաններ քրդերը համարում են պատմական Քուրդիստանի տարածք, որից զրկվել են Առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ դառնալով Մերձավոր Արևելքի ամենամեծաթիվ ժողովուրդը առանց սեփական պետության:

Քրդերի մեծ մասը հայտնվեց Թուրքիայի տարածքում՝ տասնամյակներով չունենալով ոչ միայն քաղաքական, այլև նույնիսկ մշակութային իրավունքներ: Թուրքիան մերժում էր նրանց ինքնությունը՝ քրդերին անվանելով «լեռնային թուրքեր», իսկ քրդերեն լեզուն արգելված էր մինչեւ 1991 թվականը, թեև երկրում քրդերի թիվը գնահատվում է 14 միլիոն՝ Թուրքիայի ամբողջ բնակչության մոտ 20 տոկոսը:

Քրդերի զինաթափվելը կողմերը չեն շտապում անվանել «քրդական հարցի» փակում․ թուրքական իշխանությունները բարեփոխումներ են խոստանում , մանրամասներ դեռևս հայտնի չեն, առայժմ հաղորդվում է միայն խորհրդարանում այդ հարցով հատուկ հանձնաժողովի ստեղծման պլանների մասին:

Մինչ այդ, քրդական շարժման տասնյակ առաջնորդներ շարունակում են մնալ բանտերում, քրդերի շահերը ներկայացնող խոշորագույն կուսակցությունը՝ խորհրդարանի մեծությամբ երրորդ ուժը՝ DEM-ը, պարբերաբար հետապնդումների է ենթարկվում, իսկ Թուրքիայի հիմնականում քրդերով բնակեցված շրջանները համարվում են երկրի ամենաաղքատ բնակավայրերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG