Ռուսական զորքերը հոկտեմբերի 7-ի երեկոյան բալիստիկ հրթիռներ են արձակել Օդեսայի նավահանգստի ուղղությամբ։
«Նավահանգստի մեկ աշխատակից է մահացել է։ Կրակի տակ է հայտնվել Պալաուի դրոշով առևտրական նավը: Անձնակազմի հինգ անդամներ վիրավորվել են, նրանցից չորսի վիճակը ծանր է», - Տելեգրամի իր էջում գրել է Շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը՝ նշելով, որ տուժածներն օտարերկրյա քաղաքացիներ են։
Ուկրաինայի տարածքային զարգացման նախարար Ալեքսեյ Կուլեբան հավելել է, որ նավը կոչվում է Optima, որը, ըստ Reuters-ի, Օդեսա էր ժամանել հարձակումից մի քանի ժամ առաջ։
Կուլեբան նաև հավելել է, որ վերջին երկու օրվա ընթացքում սա երկրորդ օտարերկրյա քաղաքացիական նավն է, որ տուժել է Օդեսայի նավահանգստի գնդակոծությունից։ Նա ռուսական զորքերի գործողություններն անվանել է «նպատակային ահաբեկում և ծովային միջանցքի խոչընդոտում»։ Ըստ Կուլեբայի՝ հարձակումների նպատակն է կրկին խափանել առևտրային նավագնացությունը Սև ծովում:
Ռուսական բանակը երկրորդ օրն անընդմեջ գնդակոծում է Օդեսան և նրա նավահանգիստները։ Հոկտեմբերի 6-ի գիշերը եգիպտացորենով բեռնված նավ է խոցվել, որը պետք է մեկներ Իտալիա։