Դոնեցկի բռնցքամարտի ֆեդերացիայի պատվավոր նախագահ, ռուսական զորքերի կազմում գործող, այսպես կոչված, հայկական գումարտակի (АрБат) հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանության գործով Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացի է ձերբակալվել, հաղորդում է ռուսական իշխանամետ Russia Today գործակալությունն՝ իրավապահների շրջանում իր աղբյուրները վկայակոչելով։
Գործակալության պնդմամբ, փետրվարի 3-ին Մոսկվայում տեղի ունեցած սպանությանն առնչություն ունենալու մեջ են կասկածվում Էջմիածնի նախկին բնակիչներ, վերջին տարիներին Ռուսաստանում բնակվող Հրաչյա Պ-ն և Արման Պ-ն։
Ռուսական աղբյուրների փոխանցմամբ, նրանցից մեկը մասնագիտությամբ պարուսույց է, մյուսը՝ վարսավիր։
Russia Today-ի տեղեկություններով՝ ռուսաստանցի իրավապահներին հաջողվել է պարզել նաև Սարգսյանի սպանության անմիջական հեղինակի ինքնությունը։ Նա ևս ծնունդով էջմիածինցի 58-ամյա Պարույր Մ-ն է, որ զոհվել է հարձակման ընթացքում՝ իր իսկ գործարկած ռումբի պայթյունից։